Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի շուրջ անձի պաշտամունք է ձևավորվել, որը երկար չի տևի. Սերգեյ Դանիելյան

Հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասան Սերգեյ Դանիելյանն  անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում և դրանից հետո համացանցում իր տեղադրած կարճ հոլովակներին և դրանց քննադատություններին:  Նշենք, որ այդ հոլովակներում դերասանը նմանակում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա ասաց, որ  ակնկալում էր, որ  ինչ-որ մարդկանց դրանք կարող են դուր չգալ, բայց չի կարծել, որ մարդիկ այդքան բուռն կարձագանքեն ու սրտին մոտ կընդունեն հումորային հոլովակները:

Նա խոսեց նաև այն մասին, որ հնարավոր է` անձի պաշտամունք է ձևավորվել Նիկոլ Փաշինյանի շուրջ, սակայն ինքը վստահ է, որ դա երկար չի տևի, և մարդիկ  կհասկանան, որ հումորը վատ բան չէ. «Դա ծաղր չէ, ընդամենը՝ անեկդոտ, պարզապես մարդիկ շատ ցավոտ են ընդունում նման բաները՝ չհասկանալով, որ հումորը և ժպիտը երբեք չեն խանգարի, դեռ ավելին, կթուլացնեն լարվածությունը»,- ասաց դերասանը:

Սերգեյ Դանիելյանը նաև խոսեց այն մասին, որ այժմ պետք է հասկանալ, որ հարկեր վճարելու դեպքում գումարներն անհատների գրպանը չեն գնում, այլ մտնում են բյուջե. «Եթե ոստիկանն ինձ կանգնեցնի և տուգանի, ես հաճույքով կվճարեմ տուգանքը, քանի որ գիտեմ՝ այն գնալու է բյուջե: Պետք է հասկանալ, որ սա մեր տունն է, պետք է կառուցել երկիրը»,-նշեց դերասանը՝ հավելելով, որ Հայաստանում ապրելն այսուհետ պետք է հաճույք պատճառի մեզ:

Նույն շարքից