Հասարակություն 

39 հայկական համայնքներ կհյուրընկալեն Խաղաղության կորպուսի ամերիկացի կամավորների

Երեկ տեղի ունեցավ Խաղաղության կորպուսի 39 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողությունը, որը մեկնարկեց կամավորների ծառայության սկիզբը Հայաստանում: Այսօր 39 հայկական համայնքներ կդիմավորեն իրենց ամերիկացի կամավորներին, ովքեր կապրեն հայ ընտանիքներում, կդասավանդեն անգլերեն տեղի դպրոցների հայ ուսուցիչների հետ միասին կամ կաշխատեն հասարակական կազմակերպություններում: Կամավորները Հայաստան են ժամանել երկու տարի ժամկետով:

Կամավորները Հայաստան են ժամանել երեք ամիս առաջ և մասնակցել են նախապատրաստական դասընթացի, որի ընթացքում սովորել են հայերեն և ծանոթացել հայ ժողովրդի մշակույթին և պատմությանը: Այս երեք ամիսների ընթացքում կամավորներն ապրել են Արարատի մարզի Նոր Խարբերդ, Այնթապ, Մարմարաշեն, Զորակ և Դարբնիկ համայնքներում:

Իր ելույթում Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն պրն. Սանի Լուն նշեց. «Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան են ժամանել դեռևս 1992թ.-ին: Նախորդ 26 տարիների ընթացքում Հայաստանում ծառայել է ավելի քան 1,100 կամավոր: Այս կամավորները Հայաստանը բնորոշում են որպես իրենց տունը, որպես սիրո և միշտ օգնության ձեռք մեկնող պատրաստակամ երկիր: Այսօր այս կամավորներին գումարվում են ևս 39-ը: Նրանք կրելու են իրենցից առաջ ծառայածների ժառանգությունը և էլ ավելի են ուժաղացնելու մեր ծրագրի հաջողությունը բոլոր այն կամավորների համար, ովքեր գալու են իրենցից հետո»:

Միջոցառմանը ներկա էր ավելի քան 300 հյուր, որոնց շարքում կային Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, ներկա և նախկին կամավորներ, իրենց տներում Խաղաղության կորպուսի կամավորներ հյուրընկալած ընտանիքներ, ինչպես նաև Ծրագրի միջազգային և հայ գործընկերներ:

Նոր խմբի կամավորների համալրմամբ՝ Հայաստանի տարբեր գյուղական վայրերում և քաղաքներում այժմ ծառայում է Խաղաղության կորպուսի մոտ  110 կամավոր:

 

Նույն շարքից