Արցախում ԱԱԾ աշխատակցի և քաղաքացիների միջև ծեծկռտուքից հետո Ստեփանակերտում բողոքի ակցիաներ են սկսվել:
Հայկական երկրորդ Հանրապետությունում ծավալված իրադարձությունների մասով Արցախի ՄԻՊ-ը հայտնում է.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 1-2-ի գիշերը սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն այն մասին, որ ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողներ, կենցաղային հողի վրա, Ստեփանակերտում ծեծի են ենթարկել երկու քաղաքացու։
Ներկայացված տեղեկությունների հիման վրա, ղեկավարվելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 15–րդ հոդվածով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 2-ին կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում:
Գիշերվա ժամը 3։30-ին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների առողջական վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Պաշտպանը տեղեկացած է, որ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ծանրացնող հանգամանքներում խուլիգանության հանցակազմով (ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), ինչպես նաև այն մասին, որ քրեական գործի շրջանակներում արդեն իսկ առկա են ձերբակալվածներ:
Անհրաժեշտ ենք համարում, որ քրեական գործի քննության ընթացքի մասին հանրությունը պարբերաբար իրազեկվի:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նաև հետևում են փաստի առթիվ Ստեփանակերտում տեղի ունեցող հավաքին: Հավաքի մասնակիցների սահմանադրական իրավունքների նկատմամբ որևէ միջամտություն ժամը 14:30-ի դրությամբ արձանագրված չէ:
Մարդու իրավունքների պաշտպանը հետևելու է իրավիճակին և իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր գործողությունները:
Հայտարարությամբ է հանդես եկել նաև ԱՀ դատախազությունը.
2018թ. հունիսի 01-ին, ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից, Մհեր Մուսայելյանի /ԱԱԾ աշխատող/, Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի /ԱԱԾ աշխատող/ միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ 02.06.2018թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: