Հայաստան Քաղաքական Բարի օր 

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել՝ կապված հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցում էին Անվտանգության խորհրդի անդամները, Ազգային ժողովի նախագահի տեղակալը, խմբակցությունների ղեկավարները ու մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են մայրաքաղաքում նախօրեին տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։

Երկրի ղեկավարը կարևորել է մանրակրկիտ ու պատշաճ մակարդակով հետաքննության անցկացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝  օրենքով սահմանված կարգով։

Բակո Սահակյանը շեշտել է, որ երկրում կայունության և օրինականության պահպանումը, սահմանների անվտանգության ապահովումը բացառիկ արժեքներ են մեր ժողովրդի և համայն հայության համար։

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի լուծման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 1-ին, Արցախի մայրաքաղաքում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչին հաջորդել է բողոքի ակցիա:

Նույն շարքից