Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Արցախի հերոս, «Իգլա»-ի և փողերի լվացման գործով 6 տարի ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի աջակիցները:
Նշենք, որ Վճռաբեկ դատարան Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ բողոք է ներկայացվել, որը վարույթ է ընդունվել մայիսի 25-ին, սակայն նիստի օրը դեռ հայտնի չէ: Ցուցարարները պահանջում են անհապաղ նիստ նշանակել և ազատ արձակել Սամվել Բաբայանին:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից՝ դատավոր Արշակ Վարդանյանի կողմից Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվեց 3 տարի ազատազրկման։
Արմեն Պողոսյանին, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կ.Քոչարյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ Ժ.Զաքարյանն ու Դ. Հարությունյանը ՝ 2-ական տարի ազատազրկման, սակայն նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, սահմանվել է փորձաշրջան։