ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն այսօր կամ վաղը հարցաքննության է կանչվելու: Այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք, որ հենց Մաշադյանն էր նաև, ով հայտարարեց, որ ՊԵԿ-ի և առևտրային ցանցերի միջև համապատասխան պայմանավորվածություն է եղել աշխատանքի սկզբունքների մասով: Ավելի վաղ էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էր հայտարարել, որ ԱԱԾ տնօրենը շտապել է կոռուպցիոն սխեմաների մասին հայտարարություն անելիս:
«ՊԵԿ նախագահի տեղակալը կտա ցուցմունք և նրա ցուցմունքին գնահատական տալուց հետո կորոշվի իր հետագա կարգավիճակը հարուցված քրեական գործի շրջանակներում»,-ասաց Վանեցյանը:
Ինչ վերաբերում է Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, Վանեցյանը նշեց, որ վերջինս քաղաքական գործիչ է և տարբեր հայտարարություններ կարող է անել. «Ես քաղաքական գործիչների հայտարարությունները չեմ մեկնաբանում: Ի՞նչ պայմանավորվածություն է եղել նախորդ իշխանությունների հետ, պայմանավորվածություն է եղել, որ ապօրինի գործե՞ն»:
Ապա ԱԱԾ տնօրենը հարց բարձրացրեց, թե ինչու այդ պայմանավորվածություններից չի օգտվել Կարֆուրը կամ մնացած բոլոր խանութները. «Օգտվել են միայն 11 տնտեսվարող սուբյեկտներ: Բոլորի մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչու է այդպես եղել»: