Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, անհանգստացնող է: Այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը՝ հույս հայտնելով, որ տրվելիք լուծումը կբխի Արցախի ժողովրդի և անվտանգության շահերից:
Հարցին, թե ինչի արդյունք են Արցախում սկսված իրադարձությունները, Նահապետյանն ասաց, որ իր տեղեկություններով, ամեն ինչ սկսվել է կոնկրետ միջադեպից, որի մասով որոշակի արձագանքել է եղել. «Հուսանք, որ կունենանք այնպիսի կարգավորում, որը որևէ վտանգ չի ստեղծի Արցախի ժողովրդի և պետության անվտանգության համար»:
Ինչ վերաբերում է նրան որ Արցախում ակցիայի մասնակիցները պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը, ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով, դա կարող է սպառնալիք ստեղծել Արցախի անվտանգությանը. «Կարծում եմ, որ Հայաստանից որոշակի գնահատականներ պետք է հնչեցվեն»:
Նահապետյանի խոսքերով, որևէ մեկը երբևէ չի ասել, թե մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության արմատավորման համար չպետք է պայքարել, բայց չպետք է ձեռնարկել քայլեր, որոնք կարող են վտանգ ստեղծել երկրի անվտանգությանը;
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Արցախում կրկնվեն հայաստանյան իրադարձությունները, պագամավորն ասաց, որ որևէ բան բացառել պետք չէ, որովհետև վերջին իրադարձությունները հաստատեցին, որ ամեն տեսակի զարգացում կարող է տեղի ունենալ: