ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Թվիթերյան էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ բացարձակ իրավունք ունի ինքն իրեն ներում շնորհելու, ըստ Թրամփի, այդպես են ասում բազմաթիվ գիտնական իրավաբաններ. «Բայց ինչո՞ւ ես դա անեմ, եթե որևէ վատ բան չեմ արել»,- եզրափակում է Թրամփը:
«Բազմաթիվ գիտնական իրավաբաններ» ասելով Թրամփն ի նկատի ունի իր փաստաբաններին:
Նշենք, որ նախօրեին New York Times -ը տպագրել էր Թրամփի փաստաբանների գաղտնի նամակն՝ ուղղված հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին: Թրամփի փաստաբանները գրել էին, որ Թրամփին արդարադատությանը խոչընդոտելու մեջ մեղադրելն անհնար է, քանի որ նախագահը բոլոր տիպի դաշնային քննությունների համակարգում օժտված է անսահմանափակ իշխանությամբ:
Փաստաբանների խոսքերով, ԱՄՆ Սահմանադրությունը թույլ է տալիս ԱՄՆ նախագահին «եթե ինքը ցանկանա, հրամայել դադարեցնել բոլոր տիպի քննությունները կամ համաներման իր իրավունքն օգտագործել»:
Նշենք, որ Թրամփի փաստաբանները փորձում են կանխել Թրամփին հարցաքննության կանչելու գործընթացը՝ նախագահական ընտրությունների ժամանակ օտարերկրյա միջամտությունների հետ կապված հարուցված գործի շրջանակներում: