Հայաստան Քաղաքականություն 

Կրթական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ․ Արայիկ Հարությունյան

analitik.am

2017թ.-ի ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը ներկայացված Կրթության և գիտության նախարարության ոլորտի հաշվետվությունից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ նախարարը կոռուպցիայի մասին չխոսեց, բայց փոխարենը ինքը կխոսի․ «Տարիներ շարունակ պետության կրթական ոլորտը նստած է եղել կոռուպցիոն թմրասեղի վրա»,-ասաց նա և հավելեց, որ միլիոնավոր դրամների դրամաշնորհներ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի համար են տրամադրվում, մսխվում են։

«Կոչ չեմ անում հրապարակում կախաղան դնել ու կախել, բայց եթե պատասխանատվություն չեն կրելու և պետք է գանք, հավաքվենք, ասենք, խոսենք, գնանք ամեն մեկս մեր գործերով՝ որևէ բան չի ստացվելու»,-ասաց Ն․ Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաև «Այբ» դպրոցի հետ կապված խնդրի մասին և խնդրեց հիմնավորել, թե ինչո՞ւ են բյուջեից այդքան հսկայական գումարներ փոխանցում այդ դպրոցին․  «Ես վերլուծում եմ՝ չեմ հասկանում, եթե հասկացել եք, ասեք խնդրեմ»:

Կ․Գ նախարար Արայիկ Հարությունյանն անտեղի համարեց մեղադրանքը, թե կոռուպցիայի մասին չի խոսում, քանի որ ինքն այն նախարարներից է, ով ամենաշատն է խոսել դրա մասին՝ Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի նախագահ լինելով․ «Կոռուպցիայի դեմ պայքարի համար նախորդ իշխանություններին տրվել են տասնյակ միլիոնների դրամաշնորհներ, մինչդեռ կրթական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ»:

«Մենք այլևս նման նպատակի համար գումար չենք հայցի, դրանք փոխարինվելու են, մենք դրամի կարիք չունենք կոռուպցիայի դեմ պայքարի համար, մեր կամքը դրան բավարար է»,-ասաց Ա․ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է «Այբ» դպրոցին, նախարարն ասաց, որ խնդիրը շատ է շահարկվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Տեր Մեսրոպ Արամյանի կողմից, որի գործունեությունը կրթության ոլորտում Հարությունյանը բացասական էր որակել և խոսել  «Արարատյան բակալավրիատի» խնդրի մասին․ «Խնդիրը կրթական ոլորտի տոտալ էլիտարիզացումն էր, խմբեր, որոնք բավական լավ գիտելիք ունեցող երեխաներին հավաքագրում են, ինչը նվազեցնում է մյուս դպրոցների դերն ու կշիռը: Հետազոտությունը ցույց է տալիս, որ դուրս ես հանում լավ աշակերտներին, ուսուցիչներին, կրթական մթնոլորտը նվազում է: Սա է եղել իմ հիմնական պրետենզիան, հետո արդեն դրամական միջոցների արդյունավետությունը»,-ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նշեց նաև, որ այսօր շատ ավելի հրատապ հարցեր կան, իրենք կոնկրետ «Այբ»-ի «Արարատյան բակալավրիատում» մոնիտորինգ են անցկացնելու և առաջիկայում դրանց արդյունքները կհրապարակեն:

Նույն շարքից