ԱԺ-ում ընդդիմության վերածված քաղաքական մեծամասնությունը հունիսի 7-ին, երբ ԱԺ կբերվի ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագիրը, արհեստականորեն չի խոչընդոտի դրա ընդունմանը և կվարվի այնպես, ինչպես մայիսի 7-ին, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց ՀՀԿ-ի 10 + ձայներով:
Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Եվ հնարավորություն կտանք, որ Ազգային ժողովն ընդունի Կառավարության ծրագիրը»,-հավելեց ՀՀԿ խոսնակը՝ ընդգծելով, որ հիմնական թիմը քվեարկելու է դեմ՝ չնայած ապահովվելու է Կառավարության ծրագրին չխոչընդոտելը:
Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրի բովանդակությանը, ապա Շարմազանովը կրկին ընդգծեց, որ այն, ըստ ՀՀԿ –ի, ցանկությունների, երազանքների և անգամ՝ բաժակաճառերի ժողովածու է, ոչ թե արհեստավարժ ծրագիր:
Ըստ Շարմազանովի՝ այնտեղ ոչ միայն չկան թվեր, այլև շարադրված չէ, թե ինչպես պետք է լուծեն, կարգավորեն խնդիրները: Թվերը, ըստ Շարմազանովի, շատ կարևոր են, մանավանդ, որ, նրա մեջբերմամբ, վարչապետ Փաշինյանը խոսում էր տնտեսության թռիչքաձև զարգացման մասին:
«Հարց՝ ո՞ւր են այդ թվերը. Հի՞նգ տոկոս է լինելու, յո՞թ, տա՞սը: Հայտնի չէ»,- ասաց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ԱԺ-ը պետք է քվեարկի Կառավարության արդեն հրապարկված ծրագրին: