Հասարակություն 

Հայաստանի Առաջին Հանրապետությունը հիշել են Բոստոնում

analitik.am

«Համազգային» հայ կրթական եւ մշակութային միության բոստոնի մասնաճյուղում կազմակերպված միջոցառմանն առաջին անգամ ցուցադրվել էին Հայաստանի Առաջին հանրապետության պատմական փաստաթղթերի պատճենները:

«Այս փաստաթղթերը կներկայացնեն, թե Հայաստանն այդ օրերին ինչ դժվար նյութական եւ տնտեսական վիճակի մեջ էր», - նշում է «Համազգային» միության Բոստոնի մասնաճյուղի նախագահ Խաժակ Մկրտչյանը:

Այստեղ է նաեւ Հայաստանի անկախության հռչակագիրը, որը հրապարակվել է անկախության հռչակումից երկու օր անց՝ մայիսի 30-ին Թբիլիսիում: Խաժակ Մկրտչյանի խոսքով, գիտնականներից շատերը համոզված են, որ անկախության հռչակագիրը գրված է Նիկոլ Աղբալյանի ձեռքով:

«Այս հռչակագրով է հիմք դրվել Հայաստանի Հանրապետության պետականությունը 600 տարվա ստրկությունից հետո»:

Միջոցառմանը ցուցադրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման մասին պատմող վավերագրական ֆիլմը ներկայացրեց նորանկախ հանրապետության ջանքերը՝ ստեղծել տարածաշրջանում իրական ժողովրդավարական պետություն: Ջանքեր, որոնք տապալվեցին ներքին խնդիրների, ինչպես նաեւ՝ Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի պատճառով:

«Այս հանրապետությունը դժբախտաբար ներքին բախումներ ապրեց, կոմունիստական մայիսյան խռովություններ, որոնք ազգային մակարդակով բավականին մեծ վնաս հասցրեցին, որովհետեւ անհամերաշխությունը շատ մեծ հարված էր մեր նորընծա հանրապետությանը»:

Հայաստանի այսօրվա իշխանությունները կարող են դասեր քաղել, չկրկնել 1918-ի սխալները, եւ փորձել բոլոր խնդիրները կարգավորել միասնական, խուսափելով ներքին անհամաձայնություններից, համոզված է Խաժակ Մկրտչյանը:

Աղբյուրը՝ amerikayidzayn.com

Նույն շարքից