Հասարակություն 

Աշխատանքային հանդիպում-քննարկում՝ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման նպատակով

analitik.am

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման և երևույթը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցների ձեռնրակման հետ կապված աշխատանքային հանդիպում-քննարկում: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ նախաձեռնված հանդիպմանը, որը վարել է քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, մասնակցել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայության գծով տեղակալ Էդգար Պետրոսյանը, վարչության ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:
Ընդգծելով վերջին շրջանում բացօթյա ապօրինի առևտրի ակտիվացման միտումները՝ Դավիթ Օհանյանը նշել է, որ պետք է ուժեղացնել հսկողությունը և ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տանել՝ ապահովելու առևտրի կազմակերպման օրենքով սահմանված կարգը:
«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համագործակցության շնորհիվ այս ոլորտում զգալի արդյունքեր ենք գրանցել: Ցավոք, վերջին շրջանում մեր համաքաղաքացիների կողմից բազմաթիվ դժգոհություններ ենք ստանում՝ մայթերին, ինչպես նաև ավտոկայանատեղերում մեքենաներից կազմակերպվող բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի առնչությամբ, որոնք տարբեր անհարմարություններ են պատճառում: Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է, ուստի՝ օրենքով սահմանված կարգով պետք է ձեռնարկենք համապատասխան միջոցներ», - նշել է Դավիթ Օհանյանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայության գծով տեղակալ Էդգար Պետրոսյանը, համաձայնելով հնչած մտահոգությունը, ընդգծել է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենք պատրաստ են աջակցել և ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ միջոցներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից