Տնտեսություն Բարի օր 

Ջորջ Սորոսը և Համաշխարհային Բանկը նոր համաշխարհային ֆինանսական ճգնաժամ են կանխատեսում

Համաշխարհային Բանկը նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամ է կանխատեսում: Նշվում է, որ այս պահի դրությամբ թվերով համաշխարհային տնտեսությունը վատ տեսք չունի, սակայն ճգնաժամը սարերի ետևում չէ: «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում այս ֆինանսական ինստիտուտը նշում է, որ 2019-ից հետո իրավիճակը կարող է բավականին մտահոգիչ դառնալ:

Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետի խոսքերով, վերջին կես դարում գլոբալ ճգնաժամեր տեղի են ունեցել 10 տարին մեկ (վերջին անկումը 2009-ին էր), և եթե 2017-2018 համաշխարհային տնտեսությունը զարգացել է տարեկան ՀՆԱ-յի  3,1 տոկոսի չափով, ապա 2020-ից այն տարեկան  կիջնի ՀՆԱ-յի 2,9 տոկոսի չափով:

Նշվում է, որ տնտեսական վիճակի վատթարացման ռիսկերն ավելի շատ են, քան  բարելավման հնարավորությունները: Ինչ վերաբերում է լավատեսական տնտեսական կանխատեսումներին, ապա դրանք որակվել են որպես օպտիմիզմով հագեցած անհիմն կարծիքներ:

Նշենք, որ ավելի վաղ միլիարդատեր Ջորջ Սորոսն էր կանխատեսել նոր գլոբալ ֆինանսական ճգնաժամ: Նա Փարիզում ելույթի ժամանակ ասել էր, որ այն ինչ կարող էր սխալ ընթանալ, արդեն սխալ է ընթացել:

Սորոսի խոսքով, հիմնական հարվածը ստանալու են եվրոպական պետությունները: Նման վատ զարգացման բերելու է դոլարի արժեքի բարձրացումը, կապիտալի արտահոսքը զարգացող երկրներից, Իրանի հետ միջուկային համաձայնագրի չեղարկումը, տրանսատլանտյան ԵՄ-ԱՄՆ ալյանսի քանդումը, ինչպես նաև մի շարք այլ գործոններ հանգեցնելու են տնտեսական ցնցումների, որոնց հետևանքով զարգացող երկրների արժույթները կարող են արժեզրկվել:

«Մենք կարող ենք ականատես լինել ևս մեկ խոշոր գլոբալ  ֆինանսական ճգնաժամի: Եվրոպան գտնվում է գոյություն ունեցող վտանգի մեջ, դա արդեն խոսակցություն չէ, այլ դառն իրականություն»,-  հայտարարել էր Սորոսը:

 

Նույն շարքից