Հայաստան Քաղաքական գլխավոր 

Պաշտոնապես հայտարարում եմ, որ վարչապետի պաշտոնում որևէ բիզնես, բաժնետոմս ձեռք չեմ բերելու. Փաշինյան

«Գործնական առումով մեր կարևորագույն խնդիրը Հայաստանում արտահերթ խորհրդանական ընտրությունների անցկացումն է, և այդ ընտրությունների հիմնական նպատակը պետք է լինի ազատ, անկախ և թափանցիկ ընտրությունների մեխանիզմն ու հնարավորությունը ժողովրդին վերադարձնելը և այդ վերադարձի ակտն անբեկանելի դարձնելը»,-այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հնարավոր հարցին, թե ինչու չանցկացնել այդ ընտրությունները հիմա, Փաշինյանը նշեց, որ դա իր ղեկավարած քաղաքական թիմի համար ամենաձեռնտու տարբերակն է. «Որովհետև  մեր կազմակերպած և առաջնորդած թավշյա հեղափոխության ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին և որևէ կասկած չկա, որ ընտրություններն այսօր անցկացնելու դեպքում մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ: Բայց եթե մենք առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, կնշանակի, որ իշխանությունը երկրում փոխվել է, իսկ բովանդակությունը՝ ոչ, և նոր իշխանությանը, նախկինների նման, առաջ է մղում իշխանությունը պահպանելու մոլուցքը և ընտրություններն անց են կացվում պայմաններում, երբ ժողովուրդը դրանց միջոցով իշխանությունը փոխելու հնարավորություն չունի՝ այս անգամ էլ ետհեղափոխական էյֆորիայի պատճառով»:

Փաշինյանի խոսքերով, ընտրությունները Հայաստանում պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա ոչ միայն էականորեն բարելավել ընտրական համակարգը, այլ նաև քաղաքական մյուս ուժերին հնարավորություն կտա  դուրս գալ ցայտնոտի վիճակից և նախապատրաստություններ  տեսնել. «Բացի դրանից, այս ժամանակացույցը մարդկանց հնարավորություն կտա կատարել տեղեկացված ընտրություն՝ հիմնվելով գործող կառավարության և իշխող թիմի գործունեության արդյունքների վրա»:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում չի մտնելու կոռուպցիոն որևէ գործարքի մեջ, որևէ կողմնակի եկամուտ չի ունենալու, որևէ գույք, բիզնես, բաժնետոմս ձեռք չի բերելու  և նման մոտեցում է պահանջում յուրաքանչյուր պաշտոնյայից:

Նույն շարքից