Հայաստան Քաղաքական Բարի օր 

Նիկոլ Փաշինյանը պահանջ ունի նախկինում զենքի դիմած ուժերին

«Երկարատև ներքաղաքական ճգնաժամի տարիներին բռնությունը եղել է սովորական գործիք, որն իշխանությունը կիրառել է ընդդիմադիրների նկատմամբ»,-այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ  իրադարձությունները զարգացել են այնպես, որ ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող քաղաքական ուժեր  և շրջանակներ նույնպես ուժի և զենքի են դիմել, ինչը բերել է ծանր հետևանքների:
Փաշինյանի խոսքերով, այսպիսի ճանապարհ անցած մեծ թվով մարդիկ շարունակում են մնալ բանտերում. «Սա մի իրավիճակ է, որը լրջորեն մտահոգում է Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներին, կառավարության անդամներին: Եթե հարցին մոտենանք զուտ իրավական ձևակերպումների և առանձին վերցված գործողության և արարքի տեսակետից, կստանանք մի պատկեր, որն ունենք այսօր: Բայց եթե հարցին նայենք ներքաղաքական ճգնաժամի, պատճառահետևանքային կապերի տեսակետից, երբ իշխանությունը գործում էր  «մեր մեր դեմ խաղ չկա» տրամաբանութամբ՝ լրջագույն փորձությունների ենթարկելով հանրային համբերությունը, իրավիճակն այլ լույսի ներքո կերևա»:

Վարչապետի խոսքերով, բանտերում չպետք է լինեն մարդիկ, ովքեր կարող են համարվել քաղբանտարկյալ. «Բայց ուզում եմ ընդգծել, որ այս պրոցեսը պետք է հիմնվի արձանագրմամբ, որ Հայաստանում ուժի, զենքի գործադրմամբ քաղաքական հարցերի լուծման էջը փակված է, վերադարձ այդ ժամանակներին չի լինելու: Նախկինում ուժի, զենքի դիմած ցանկացած քաղաքական ուժ, քաղաքական գործիչ պետք է հանդես գա ոչ բռնի քաղաքական պայքար մղելու պարտավորության մասին հայտարարությամբ, որովհետև  ժողովրդի վստահությունը վայելող մեր կառավարությունն իրեն պատասխանատու է համարում յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության համար և չի կարող թույլ տալ, որ ներքաղաքական և կամ հանրային հարցերի պարզաբանման ժամանակ լինեն վենդետաներ, հնչեն կրակոցներ, լինեն զոհեր և արյուն թափվի: Ես հույս ունեմ, որ մենք  բոլորս հստակ դիրքորոշում կարտահայտենք  այս հարցի վերաբերյալ և մեզ կհաջողվի իրապես հանրային համերաշխություն հաստատել, նոր որակի քաղաքական, հանրային հարաբերություններ կլինեն, որտեղ բռնությունը մերժված է և որպես հարաբերությունների գործիք բռնությունն ընդհանրապես որևէ տեղ չունի: Բայց պետք է ասեմ, որ այս թեզը չի կարող մեկնաբանվել հանուն օրինականության, հանուն ազգային և հանրային անվտանգության իրավապահների կողմից օրենքով նախատեսված դեպքում համաչափ և իրավաչափ ուժի կիրառման արգելք»:

Նույն շարքից