Այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պայմաններում առանձնահատուկ քննության են ենթարկվելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների՝ այդ թվում նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել չլինելու հանգամանքը և նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու օրենքով նախատեսված հիմնավոր և օրինական պատճառներ չունեն՝ ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրած երիտասարդներն ու պատանիները։
«Գործող և նախկին պաշտոնյաներին և նրանց որդիներին այս բարձր ամբիոնից կոչ եմ անում՝ եթե իրենք գտել են բանակից խուսափելու զարտուղի կամ կիսազարտուղի ճանապարհներ՝ արձագանքել նոր ժամանակների, նոր մոտեցումներին, ներկայանալ զինվորական կոմիսարիատներ և զորակոչվել բանակ»,-ասաց վարչապետը։
«Հպարտ եմ հայտարարել, որ իմ որդին՝ ում 18 տարին լրացել է այս տարվա մարտին դիմում է գրել և պետք է առաջիկա զորակոչին մեկնի ժամկետային զինվորական ծառայության և կամավոր հիմունքներով ծառայությունն իրականացնի Արցախում»,-ասաց վարչապետը։
«Եվս մեկ անգամ կոչ եմ անում շուրջ մեկ տասնյակ հազար մեր հայրենակիցներին, ովքեր գտնվում են արտերկրում և ում նկատմամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզում է հայտարարված՝ սիրելի բարեկամներ,եղբայրներ, վերադարձեք Հայաստան, մեկնեք ժամկետային զինվորական ծառայության և հայրենիքի անվտանգության ձեր բաժին պատասխանատվությունն անպայման ստանձնեք։ Սա նոր Հայաստան է, այստեղից չեն փախչում, որևէ՝ այդ թվում բանակից խուսափելու պատճառաբանությամբ, այստեղ վերադառնում են այսօրվա և ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվությամբ և սիրո զգացողությամբ։ Սպասում եմ յուրաքանչյուրիդ, ապացուցեք, որ հաղթանակած ժողովրդի դուխով զավակներն եք»,-ասաց Ն․Փաշինյանը։
Եվ նաև հիշեցրեց, որ ժամկետային զինվորական ծառայություն անցնելու համար՝ հայրենիք վերադարձած պատանիները, երիտասարդները եթե անգամ հետախուզման մեջ են՝ չեն ձերբակալվի և նրանց նկատմամբ որևէ հետապնդում չի իրականացվի, իսկ բարձր մասնագիտական հմտություններ ունեցող անձինք հնարավորություն կստանան ծառայությունն իրականացնել զինված ուժերի զարգացման համապատասխան ոլորտում։
Վարչապետի խոսքով պետք է ապահովել, որպեսզի ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող զինվորների ծնողները չունենա իրենց զավակներին բանակում պահելու՝ նրանց համար ներքնաշորեր, կոշիկ, սնունդ, հիգիենիկ պարագաներ գնելու պարտավորություն։
«Մենք հոգ ենք տանելու, որ պետությունն իր զինվորին ապահովի այս ամեն ինչով և դա անի պատշաճ որակով ու մակարդակով։ Մենք թույլ չենք տալու, որ մեր զինվորներին ու սպաներին որևէ մեկն ընտրական հարկադրանքի ենթարկի և նրան աշխատանքից ազատելու կամ այլ սպառնալիքի տակ կամ զինվորական սուբորդինացիան չարաշահելով ստիպի խորհրդարանական ընտրություններում քվեարկել այս կամ այն ուժի օգտին, որովհետև զինվորի քաղաքացիական կամքը, ոգին կոտրելով՝ կոտրում են նաև մարտական կամքն ու ոգին։ Մենք թույլ չենք տալու, որ մեր բանակում անհանդուրժողական, անառողջ մթնոլորտ տիրի, դիտորդի նման չենք հետևելու բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների և ինքնասպանությունների փորձերին, ոչ կանոնադրային հարաբերություններին, ամեն նման դեպքի ետևում կա իր աշխատանքը պատշաճ ձևով չկատարած պատասխանատու և պետք է նրան գտնել ու պատասխանատվության ենթարկել»։