Հայաստան Քաղաքական 

Ինչու Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում խոսք չկա Ծառուկյան դաշինքի և ՀՅԴ-ի ծրագրերի մասին

Այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ցանկացավ իմանալ, թե ովքեր են կառավարության ծրագրի պատասխանատուները. «Ես այս ծրագրում չեմ տեսնում դրույթ, որը կվերաբերեր ՀՅԴ-ի կամ Ծառուկյան դաշինքի ծրագրերի դրույթներին: Նրանք չեն մասնակցո՞ւմ այս ծրագրին, չեն ստանձնո՞ւմ պատասխանատվություն, թե  կա այլ մեկնաբանություն»:

Փաշինյանը նշեց, որ Ծառուկյան դաշինքի ծրագիրը կար, գոյություն ուներ և շարունակում է գոյություն ունենալ. «Այդ ծրագիրը կառավարության գործունեության տեսադաշտում է լինելու: ՀՅԴ-ի ծրագիրը ևս կառավարության տեսադաշտում է լինելու: Մենք փորձել ենք այստեղ ավելացնել  հրապարակի կոմպոնենտը: Սա չի նշանակում, որ այն ինչը գրված չէ, գոյություն չունի, մենք ընդամենը եղածին ավելացրել ենք ևս մեկ գործոն՝ հեղափոխական հրապարակի ասելիքն ու օրակարգը: Կառավարությունը քննարկելու է և Ծառուկյան դաշինքի 15 կետերը, և ՀՅԴ-ի ծրագրի դրույթները, և ՀՀԿ-ի ծրագրի կամ նախորդ կառավարության ծրագրի որոշ կետերը, կուտակայինն էլ դրանցից մեկն է: ՄԵնք չենք ասում, որ Հանրապետականի որոշածը ջնջում ենք, այդպիսի բան չի ասվել և չի էլ ասվելու»:

Հարությունյանի խոսքերով, ծրագրում պետք է ինչ-որ տեղ գրված լիներ, թե ովքեր են դրա պատասխանատուները. «Դա սովորական հետաքրքրասիրություն չէ, սա հետագայում գնահատականներ տալու երաշխիք է»:

Փաշինյանն ասաց, որ ծրագրի պատասխանատուն այն ուժերն են, ովքեր կազմակերպել և իրականացրել են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը. «Մենք լիարժեք կրում ենք այդ պատասխանատվութունը»:

 

Նույն շարքից