Այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցին և անդրադառնալով գազի և հոսանքի սակագնին, նշեց, որ այդ հարցերով զբաղվում են. «Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք շատ բարձր գնահատեցինք այն, որ ՌԴ-ն ՀՀ-ին գազ մատակարարում է բավականին էժան գնով: Բայց ես ասացի, որ ՀՀ քաղաքացիների համար կարևոր չէ այն, թե Ռուսաստանը Հայաստանին ինչ գնով է գազ մատակարարում, այլ կարևոր է այն, թե ինչ գնով է նա գազն իր տանը ստանում: ՀՀ քաղաքացին այսօր չի զգում, որ Ռուսաստանից էժան գազ է ստանում: Կարծում եմ, որ այստեղ կարող են լինել որոշակի անարդյունավետ կառավարման, ընդհուպ կոռուպցիոն ռիսկեր: Ես կարծում եմ, որ ՌԴ իշխանություններն ըմբռնումով են մոտենում, որ մենք այս հարցերով լրջությամբ կզբաղվենք»:
Հոսանքի մասով Փաշինյանն ասաց, որ այդ հարցում ևս խնդիրներ կան՝ հավաստիացնելով, որ այդ հարցով զբաղվում է և հույս հայտնելով, որ առաջիկայում արդյունքներ կլինեն:
Փաշինյանն անդրադարձավ նաև պատգամավորի հարցին, որը վերաբերում է կառավարության որոշ անդամների բանակում չծառայելուն՝ նշելով՝ եթե պարզվի, որ ինչ-որ մեկը օրենք խախտելով է խուսափել ծառայությունից, կազատվի պաշտոնից: