Բարի օր Հասարակություն 

Խոշոր բիզնեսին օրինական դաշտ բերելու համար «մատաղ են անում» փոքր և միջին բիզնեսին

analitik.am

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները վրդովված են և կանգնած են փակման եզրին:

Analitik.am-ի թղթակիցը զրուցեց ՓՄՁ ներկայացուցիչների հետ, ովքեր  ասացին, որ   ներկայիս կառավարության ստվերային տնտեսության դեմ պայքարի և խոշոր բիզնեսին օրինական դաշտ բերելու գործողությունների շրջանակներում,  կոպիտ ասած, մատաղ են անում փոքր ու միջին բիզնեսին.

«Դրանց արդյունքում փոքր ու միջին բիզնեսն ուղղակի տառապում է, բեռնափոխադրումները կանգեցված են: Այս ամսվա մեջ երկրորդ անգամ ես չեմ ստանում իմ բեռները: Այս տեմպերով մենք ուղղակի կխեղդվենք, կփակվենք, իրավիճակը կատաստրոֆիկ է: Մայիսին 10 օր չստացանք ապրանքները, հիմա էլ արդեն 15 օր է, որ չենք ստանում»,- ասաց փոքր բիզնեսի ներկայացուցիչներից  Սուսաննա Հյուսնունցը:

Պարզեցինք նաև, որ  դիմել են  բեռնափոխադրողներին. «Նրանք մեզ հավաստիացրեցին, որ նորմալ համաձայնության կգան, ամեն ինչ կկարգավորվի և մենք կսկսենք նորմալ աշխատել: Մինչև այսօր առավոտ բեռնափոխադրողն ասում էր, որ ամեն ինչ նորմալ է, կկարգավորվի, այսօր արդեն ասում է, որ գնացեք, բողոքեք, մենք որևէ համաձայնության չենք եկել»:

ՓՄՁ որոշ ներկայացուցիչներ ասացին, որ այս խնդիրն արդեն 15 օր է կա՝ նշելով, որ եթե այսպես շարունակվի, ապա  ռեալ կորուստներ են ունենալու, ինչի արդյունքում  փակվելու են:

ՓՄՁ ներկայացուցիչները վրդովված են, որ  մասնակցել են  հեղափոխությանը, սակայն  նոր կառավարությունը  խոշոր բիզնեսին  օրինական դաշտ փորձում է բերել  փոքր ու միջին բիզնեսին ճնշելու հաշվին:

Նշենք նաև, որ ՓՄՁ ներկայացուցիչները բաց նամակով դիմել են ՊԵԿ ղեկավարությանը: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի ՊԵԿ ղեկավարություն:
Նորից խնդիրներ ենք ստեղծել միկրո ներկրողների համար: Այս գործարաների ներկրման քանակները չափազանց փոքր են՝ սկսած 20-30 կիլոգրամից: Այդ պատճառով նրանց բեռների ներկրմամբ հրաժարվում են զբաղվել բեռնափոխադրող ընկերությունները, այդ դաշտում գործել են միայն նորֆոլկների սխեմաներով աշխատող ընկերությունները: Հիմա դրանք ուղղակի դադարեցրել են գործունեությունը՝ սպասելով ներկա իրավիճակի լուծմանը: Այսպիսով, օրինակ հագուստ ներկրողները մեծ կորուստներ են ունենում, սեզոնային խնդիր և այլն:

Այս խնդիրը շուտափույթ լուծման կարիք ունի: Հուսով եմ ՊԵԿ-ը կկարողանա պայմանավորվածություն ձեռք բերել բեռնափոխադրողների հետ և թեկուզ ժամանակավոր մաքսազերծման հեշտացված պայմաններ կառաջարկի միկրո ներկրողների համար: Այս մարդիկ չեն կարող սպասել օրենքի համապատասխան փոփոփոխությունների, քանի որ վերջնականապես կսնանկանան այդ ընթացքում»:

Յանա Մարտի 

Նույն շարքից