Հայաստան Քաղաքականություն 

Դա այնպիսի բան է, որ մութ ժամանակ թռնում է օդ ու պայթում. Վարչապետի «շուլուխները»՝ կառավարության նիստում

analitik.am

Այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության  նիստում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրակարգից դուրս խոսեց հրավառությունների մասին՝ նշելով, որ գիշերը, ժամը 12:300-ին Նորք Մարաշում կատարվել է հրավառություն, ձայնագրությունն էլ կա: Նախարարը նշեց, որ դա տեղի է ունեցել կարգի խախտմամբ՝ խնդրելով համապատասխան կառույցներին զբաղվել հարցով և հավելելով, որ մեկ երեխայի քունն ավելի կարևոր է, քանի 500 մարդու քեֆ-ուրախությունը: Նախարարը նաև առաջարկեց հրավառությունները թույլատրել միայն պետական տոներին:

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ հրավառությունների կարգավորման մասով օրենք գոյություն ունի, որը գործում է՝ հիշեցնելով, որ Նորք Մարաշում ոստիկանական բաժանմունք կա և Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հանձնարարելով զբաղվել հարցով:

Օսիպյանն իր հերթին նշեց, որ օրեր առաջ լռության կարգի խախտման մասով հայտարարություն է եղել և հայտնել են նաև, թե ինչ պատժամիջոցներ են սահմանված՝ հավելելով, թե շատ բարդ է հայտնաբերել դեպքերը:

Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ոստիկանապետն ասաց, որ հետամուտ կլինեն հարցի լուծման համար:

«Դա այնպիսի բան է, որ թռնում է օդ ու պայթում ու դա լինում է մութ ժամանակ»,-կատակեց վարչապետը՝ անդրադառնալով հարցին, որ բարդ է դեպքերը հայտնաբերել:

Օսիպյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է կրակողներին հայտնբերելուն:

Վարչապետը նորից կատակեց, թե պետք է մի հատ էլ հայտարարություն տարածել, որ կրակողները կես ժամ պետք է սպասեն ոստիկաններին:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը, արդեն լուրջ խոսելով, ասաց, որ օրենք կա, որ պետք է չլինի հրավառություն կոնկրետ ժամերին, ուրեմն պետք է այդպես էլ լինի, իսկ եթե օրենքը չի գործում, ուրեմն պայքարողները լավ չեն աշխատում:

 

 

Նույն շարքից