Հայաստան Հասարակություն Պատահարներ 

Չարենցի անվան տուն-թանգարանում հայտնաբերվել է ոստիկանության 56-ամյա աշխատակցի դին

analitik.am

Այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և «911» փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 17 հասցեում գործող Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցը չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարներն ու ոստիկանները, բացելով թանգարանի դուռը, այնտեղ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 56-ամյա Թ. Յ.-ի դին։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

shamshyan.com -ի տեղեկություններով՝ Թ. Յ.-ն աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ռազմականացված ջոկատներից մեկում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից