ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազայանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նա ասաց, որ նախագիծն անհամեմատ ավելի պարզ է, քան գործող կարգավորումը, որի համաձայն նախատեսվում է, որ այս տարվա հուլիսի 1-ից շուրջ 80 000 քաղաքացի պետք է ներգրավվի կուտակային կենսաթոշակային համակարգին:
Առաջարկվում է յուրաքանչյուր մասնակցի կողմից վճարվող 10 տոկոսի գումարի 7,5 տոկոսը վճարվի պետության կողմից, իսկ 2,5 տոկոսը՝ քաղաքացու:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ սա ժամանակավոր կարգավորում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասեց, որ քննարկվել են այս հարցի լուծման մի քանի տարբերակ՝ չեղյալ անել այդ համակարգը, բայց դա հնարավոր չի, որովհետև այսօր այդ գումարները ներդրված են տարբեր տեղեր՝ այդ թվում ՀՀ տնտեսության մեջ, ուստի չեղարկումը կնշանակի, որ դրանք դուրս կգան տնտեսությունից, ինչն էլ ցնցում կլինի: Փաշինյանը նշեց նաև, որ սա մեծ վնաս կհասցնի ՀՀ միջազգային վարկանիշին, քանի որ այդ ֆոնդերը միջազգային բարձր վարկանիշ ունեն:
Փաշինյանն ասաց, որ երկրորդ տարբերակն էլ հետաձգելն է, սակայն այս դեպքում նա նշեց, որ դա կնշանակի, որ 200000 քաղաքացիները, ովքեր արդեն ներգրավված են համակարգում, ասելու են, որ 2014-ից վճարել են և նրանց նկատմամբ անարդարություն է տեղի ունենում:
Փաշինյանը նշեց, որ առաջարկվող տարբերակի արդյունքում բոլոր քաղաքացիները կզգան թեթևություն՝ նշելով, որ այս կարգավորմամբ փաստացի 207 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրացնում են 5000 ՀՀ դրամով: Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այս գումարներն ի վերջո քաղաքացիները վճարում են իրենց համար: