Ժամանակավոր, համաձայնության կառավարության արտահերթ նիստին, երբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցն էր քննարկվում, Արտակարգ իրավիճակների նախարար, «Ծառուկյան» դաշինքի քվոտայով պաշտոն ստանձնած Հրաչյա Ռոստոմյանը ևս իր դիրքորոշումը հայտնեց՝ նշելով, որ վարչապետի հետ առաջին հանդիպմանը նա ասել է, որ իրենք թիմային աշխատանքով պետք է շաժվեն, և դա իրենց համար լուրջ հորդոր էր և թիրախ: «Այսօր այնպիսի տպավորություն է, որ հենց թիմով մի փոքր պատնեշ ենք, դպրոցական տարիներից ինչ-որ примерний ученик-ի տարբերակներ է մեր մոտ առաջ գալիս, որը, իմ կարծիքով, այդքան ընդունելի չէ: Ես հորդորում եմ բոլորին, որ թիմային ոգին հանկարծ չկոտրեն, և բոլորս միասին առաջարկվող լուծումները ընդունենք, եկեք, ոչ մեկս Հռոմի պապից կաթոլիկ չլինենք»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք չէ քննարկմանը այլ կոնտեքստ տալ: «Ես կարծում եմ՝ հստակ արտահայտվեցի, բոլորիս դիրքորոշումները պարզ են, հասկանալի են»,-ասաց նա:
Արձագանքեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, ՀՅԴ պորտֆելով նշանակված Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ դեմ չեն տրվող լուծմանը: «Մի պահ տպավորություն է, որ եթե այստեղ կարծիք ենք արտահայում, ճամբար փոխելու, փախչելու պատասխանատվությունից կամ էժանագին ինչ-որ բաներ ձեռք բերելու… չկա այդպիսի բան, և երբեք որևէ մեկի մոտ, կարծում եմ, կասկած չի առաջանում, որ երբևէ պատասխանատվությունից փախչող մարդ եմ: Կարծում եմ, որ դուք էլ եք համոզված այդ բանում և իմ գործընկերներին էլ կառաջարկեմ այդ ձևը մի կողմ դնել»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ խնդիրը սահմանադրականության գնահատման շարունակականության հարցն է, քանի որ մարդկանց մոտ տպավորություն է, որ ինչը համարել են հակասահմանադրական, դրա առաջ աչք ենք փակում: «Նախկինում շրջանառվող ռիսկերը շարունակում են մնալ, բայց այո, այս նախագիծը որոշակի լուծում է տալիս հարցին, հետևաբար այս որոշմանը չենք կարող դեմ լինել այդ մասով»,-պարզաբանեց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ հիմա չեն ունեցել լծակներ զբաղվել այս նախագծի սահմանադրականության հարցով: «Մենք չենք ասում, որ մտահոգությունները, որ կային, փոխվել են, մենք մի բան ենք ասում, որ ամենակարևոր մտահոգությունը դուրս է եկել, և դա վստահությունն է կառավարության նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ, ի վերջո, սա մեծ պատասխանատվություն է:
«Հիմա մենք չասացինք չէ, թե արդար է ժողովուրդ ջան, հավատացեք, չասացինք տենց բան, մենք ասացինք, որ ճգնաժամ է, որից խուսափելու ամենաօպտիմալ ճանապարհը սա է»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ բոլոր լուծումները քննարկել են:
Վարչապետն ասաց, որ վիրտուալ կշեռքով փաստարկները դրել է և կայացրել է որոշում: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այսօր այս որոշումը կայացնում են՝ ցնցումներից, ճգնաժամից խուսափելու համար: Խոսելով միջազգային ներդրողների հնարավոր արձագանքի մասին՝ նա հնարավոր համարեց, որ կասեն՝ «դուք փետը առել, նախորդ իշխանությունների հետևից եք ընկել, դուրս եք արել և հիմա ինչի հաշվին գանք, ներդրում անենք»:
«Մենք ոչ մի պարտավորություն չունենք ինչ-որ մեկի ապօրինությունը դնել մեր ուսերին ու տանել, նման բան չենք արել և չենք անի, մենք ոչ կոռուպցիոն, ոչ բարոյական պարտավորովածությամբ ենք կաշկանդված»,-ասաց նա և նշեց, որ եթե չարդարացվի համակարգը, բոլոր քաղաքացիները իրենց գումարները կստանան:
Վարչապետը ամփոփելով նշեց, որ պրոբլեմները լուծելիս պետք է ոչ թե հետ գնան, այլ առաջ գնան: «Կարծում եմ, որ կառավարության համար սկզբունքային հարց է գնալ առաջ՝ չվախենալով խորանալ»,-ասաց նա և հավելեց, որ բոլոր հարցերում են փաստերի հիման վրա որոշումներ կայացնելու:
Ի վերջո, հարցը դրվեց քվերակության, և ոչ մեկը դեմ չարտահայտվեց: