Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Սա գողերի միություն չի, սա նկարիչների միություն  է.Ղազար Միրզոյանը՝ նկարիչների միության նախագահի հրաժարականի անհրաժեշտության մասին

analitik.am

Վերջերս նկարիչների միությունում մի խումբ նկարիչներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել միությունում գործող սխալ կառավարման համակարգի դեմ՝ պահանջելով նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը։

Այս մասին Analitik.am-ի թղթակիցը զրուցեց «Աշխարհի հայ նկարիչների միություն» ՀԿ-ի համանախագահ Ղազար Միրզոյանի  հետ։

Նրա խոսքով նկարիչների միությունում շատ խճճված ու բարդ խնդիրներ կան, քանի որ 20 տարիների ընթացքում միությունն անուշադրության է մատնվել, իսկ միության ներկայիս նախագահը՝ Կարեն Աղամյանը, գործել է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու.«Լուրջ տարածքներ են վաճառվել, օտարվել է Բյուրականի նկարիչների հանգստյան տունը, որը բավականին գեղեցիկ տարածք է, և այդպես շատ բաներ՝ այսինքն ինքը ոնց կարողացել, ինչ ուզել արել է, նույնիսկ կանոնադրություն է փոխել այնպես, ինչպես իրեն է ձեռնտու։ Այն ինչ եղել է պետական կառավարման մեջ, նույն բանն այստեղ է կատարվում»։

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք տարիների ընթացքում բողոքներ եղել են, Ղ.Միրզոյանը պատասխանեց. «Այո եղել են։ 2010-2011թ.թ.-ին ես ինքս քննադատեցի այդ ամենը, բայց ինձ հեռացրեցին նկարիչների միության անդամների շարքերից՝ իբր ես իմ գործենությամբ ազդում եմ նկարիչների միության հեղինակության վրա։ Իհարկե, հետո ես դիմեցի դատարան և վերականգնեցին, սակայն իմ հեռացման փաստաթղթերն ամբողջությամբ կեղծիք էին, որովհետև ստորագրողներից ոչ մեկը չի իմացել, որ ստորագրում է իմ հեռացման փաստաթղթի տակ»։

Ղ.Միրզոյանի խոսքով,  ստեղծվել էր  մի խորհուրդ, որը բաղկացած էր նախկին ավանդական միությունների՝ գրողների, դերասանների, կոմպոզիտորների միությունների նախագահներից։ Եվ խնդիրների ի հայտ գալուց, նրանք գալիս էին օգնության.«Երբ ես միության նախագահի դեմ էի դուրս եկել, այդ միությունների նախագահները հավաքվել և փորձում էին ինձ լռեցնել։Հետո հայտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին  խոսել»։

«Պետք է նշեմ նաև, որ մենք ստեղծել ենք «Աշխարհի  Հայ Նկարիչների  Միություն»-ը  և ես այդ միության համանախագահն եմ։ Միության 10 տարիների ընթացքում մենք մոտ 20 կտոր գիրք ենք տպագրել, Եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես ենք բացել, մասնակից նկարիչներից գնել ենք 15 աշխատանք և ամբողջը տվել ենք Եղեռնի թանգարանի ֆոնդին, այդ ամենին գումարած 10 նկարիչներ իրենց աշխատանքներն են նվիրել թանգարանին, նաև Տիգրան Մեծի ցուցահանդեսին 3 աշխատանք նվիրել ենք ազգային պատկերասրահին, Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ցւոցահանդեսին 71 աշխատանք նույնպես նվիրեցինք ազգային պատկերասրահին, Կոմիտասին նվիրված ցուցահանդեսին ամբողջ աշխատանքները նվիրել ենք Կոմիտասի թանգարանին և այդպես շարունակ։ Մենք աննպատակ բաներ չենք անում, եթե մի բան էլ անում ենք, փորձում ենք  հարստացնել թանգարանները»։

Ղ.Միրզոյանն ասաց նաև, որ Էջմիածնի քաղաքապետարանի հետ համատեղ իրենց միությունը ցուցահանդես է բացել Ալավերդիում, որտեղ հանդես են եկել Էջմիածնի նկարիչներն իրենց աշխատանքներով և 3-4 նկարիչ իրենց գործերը նվիրել են Ալավերդու պատկերասրահին։

«Լուրջ աշխատանքներ են կատարվել, դրսում ցուցահանդես վաճառքներ ենք արել, գումարն էլ բաժանել ենք նկարիչներին։ Մի խոսքով, ամեն ինչ արվել է հնարավորության սահմաններում»։

Իսկ այն հարցին, թե ներկայումս ո՞րն է բողոքի ակցիայի պահանջը, Ղ.Միրզոյանը պատասխանեց. «Բողոքի ակցիայի պահանջն է՝ փոխել կանոնադրությունը, փոխել միության կառավարման ձևը, փոխել միության նախագահին՝ այսինքն, լինի ոչ թե նախագահ, այլ գործադիր տնօրեն կամ կատարածու։ Միության պատիվն այնքան է ընկել, որ լինելով այդ միության անդամ, մարդը չի գնում այդ նույն միություն, անդամավճար չի տալիս»։

«Տեսեք, եթե միության անդամներից յուրաքանչյուրը տարեկան 5000 դրամ մուտք է տալիս, դա կազմում է 10 միլիոն դրամ։ 10 միլիոն դրամով կարելի է միությունը նորմալ պահել, էլ չեմ ասում մնացած հարցերը։ Տարեկան մոտավոր 40 ցուցահանդես է լինում, հիմնականում նկարիչների անհատական ցուցահանդեսներն են, ամեն նկարիչ ինքն է վճարում բոլոր ծախսերը, սկսած լույսի, աղբի  և այլնի համար, իսկ միության նախագահն ասում է, որ տարեկան 40 ցուցահանդես իրենք են բացում։ Բա եթե միությունն է ցուցահանդես բացում, նկարչից ինչի՞ են գումար գանձում։ Հետևաբար գումարներ են կուտակվում, որոնք չգիտես՝ որտեղ են ծախսվում և եթե որպես միության անդամ ֆինանսական փաստաթուղթ պահանջես, ոչ մեկ դա քեզ չի տա»։

«Ասեմ ավելին՝ այսօր խոսակցություններ են գնում, որ նկարիչների միությունը 30 միլիոն պարտք ունի պետությանը, իսկ միության նախագահը միության հաշվին մասնակցում է Չինաստանում բացված ցուցահանդեսին կամ մեկ այլ  ցուցահանդեսի»։

Աշխարհի տարբեր երկրներից նկարիչների միությանը ցուցահանդեսների մասնակցության հրավերներ են գալիս և Ղ.Միրզոյանի համոզմամբ  95%-ով, եթե ոչ ավել, բոլոր ցուցահանդեսներին մասնակցում են կամ նույն մարդիկ, կամ այդ նույն մարդկանց երեխաները.«Գնում են մարդիկ, ովքեր նկարչության անունն են գցում։ Այսօրվա դրությամբ 40 տարվա փորձ ունեցող նկարչի աշխատանքները չեն կախում, իսկ պատճառն այն է, որ այդ նկարիչն իրենց դեմ է խոսել»,-ավելացրեց նա։

«Օրենք կար, երբ միությունում յուրաքանչյուր նկարիչ անհատական ցուցահանդես էր բացում, ապա  մի նկար թողնում էր ֆոնդին, միությունը նկար էր առնում նկարչից և ֆոնդ էր կուտակում, հիմա պետք է ֆոնդի հարցն էլ լուծվի, պետք է շատ լուրջ աուդիտ իրականացվի, որովհետև ֆոնդերի կեսը գոյություն չունի, իսկ ինչ էլ կա, դրանց կեսը հաստատ կեղծ է»։

Արվելիք քայլերի մասին խոսելիս Ղ.Միրզոյանն ասաց. «Առաջին ժողովից հետո պետք է սպասել, հենց միության նախագահը գա, մենք իրենից կպահանջենք, որպեսզի հրաժարական տա։ Պետք է միջանկյալ խումբ ստեղծվի, որը կզբաղվի կանոնադրությամբ, կհամաձայնեցվի բոլորի հետ, համագումար տեղի կունենա  և կընդունվի  նոր կանոնադրություն։ Իսկ եթե հրաժարական չտա, մենք ստիպված կլինենք աուդիտ անել, առաջ կքաշենք շատ ուրիշ խնդիրներ։ Այսինքն՝ միանաշանակ ինքը չպիտի լինի նախագահ»։

«Նկարիչների միությանը պատկանող շատ սենյակներ կան, որոնք տրվել են վարձով, այն էլ շատ ցածր գնով։ Նման ցածր գնով այդպիսի տարածքը չի տրվում վարձով՝ այսինքն, եթե դու այդքան հիմար ես և նման ցածր գնով տարածքը վարձով ես տալիս, ուրեմն պետք չի, որ դու նախագահ աշխատես, իսկ եթե դու այդքան ցածր գնով չես տվել և ձևացնում ես՝ ավել գումար գրպանդ դնելով, ուրեմն մենք գող ու ավազակ ղեկավար չենք ուզում։ Սա  գողերի  միություն չի,  սա նկարիչների  միություն  է»։

Եվ վերջում Ղ.Միրզոյանը նշեց, որ այժմ իրականացվում է ստորագրահավաք, որին մասնակցում է 350-400 մարդ.«Ամեն ինչ պետք է արվի այնքան ժամանակ մինչև հասցվի վերջնական, ցանկալի արդյունքի»,-իր խոսքը եզրափակեց Ղ.Միրզոյանը։

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից