«Եթե այս օրենքը բերվի և ընդունվի, ես լինելու եմ այն մարդկանցից մեկը, ով հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի 1-ից դադարեցնել բոլոր բարեգործական ծրագրերը և բոլոր շահառուներին, ովքեր կդիմեն Գագիկ Ծառուկյանին, մենք ուղղորդելու ենք կառավարություն: Այսօր՝ հունիսի 12-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նախորդ կառավարության հեղինակած բարեգործության մասին նախագծին և վստահություն հայտնելով, որ այդ օրենքը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը երկնել է՝ որպես թիրախ ունենալով միայն Գագիկ Ծառուկյանին:
Զոհրաբյանի համար անհասկանալի է, թե ինչու է նոր կառավարությունը բերում այս օրենքը մի երկրում, որտեղ կա 30 տոկոս պաշտոնական աղքատություն և 30-40 տոկոս աշխատող աղքատ մարդ՝ փորձելով դրանով կրկին թիրախ դարձնել Գագիկ Ծառուկյանին. «Ով է լինելու է այդ մեկը, որ որոշումներ կայացնելու մոնոպոլիա է ունենալու, թե ինչը պետք է համարել բարեգործությունը, ինչը՝ ոչ: Ինչպես եք որոշելու, գիր-ղուշո՞վ, թե ըստ ձեր քաղաքական նպատակահարմարության և ըստ քաղաքական ճաշակի»:
Ծառուկյան դաշինքի պատգամավորը նշեց՝ եթե ոմանց թվում է, որ այս օրենքով վատություն են անելու Գագիկ Ծառուկյանին, ապա նրանք սխալվում են, քանի որ դրանով վատություն է արվելու սոցիալապես խոցելի մարդկանց: