Քաղաքական 

Հայաստանի պատմության այս կարևոր շրջանում ես պատրաստ եմ աշխատել ձեզ հետ. ԱՄՆ դեսպան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հարաբերությունների խթանման հարցում կարևորել է  խորհրդարանականների փոխադարձ  այցերն ու կապերի ամրապնդումը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը,  անդրադառնալով մեր երկրի ներքաղաքական զարգացումներին, ասել է. «Աշխարհն ականատես եղավ, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է և  հավատարիմ է  որդեգրած սկզբունքներին ու գաղափարներին. դրա վառ ապացույցը  խնդիրների կարգավորումն էր խաղաղ և սահմանադրական ճանապարհով»:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին` Արա Բաբլոյանը նշել է. «Պետք է համատեղ ուժերով մշակել և ներդնել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի անցկացվելիք ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին և ընդունելի լինեն  հանրության կողմից»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի դերակատարությունը` Հայաստանի համար փոփոխությունների ժամանակահատվածում խորհրդարանական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու գործում:

Դեսպանը կարևորել է Հայաստանում ներքաղաքական  գործընթացների կարգավորման հանգուցալուծումը  իրավունքի գերակայության ուժով` փոխըմբռնման  մթնոլորտում:

«Հայաստանի նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը շարունակում է կարևոր դեր ունենալ և Հայաստանի պատմության այս կարևոր շրջանում ես պատրաստ եմ աշխատել Ձեր ու մյուս ղեկավարների հետ»,- ասել է Ռիչարդ Միլսը:

Զրուցակիցներն անդրադարձել են Ընտրական օրենսգրքի  բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին,  համագործակցության հեռանկարներին:

 

Նույն շարքից