«Բնականաբար դա չի կարող մեզ չմտահոգել, քանի որ Բելառուսը մեզ հետ նաև կաշկանդված է համաձայնագրերով, ՀԱՊԿ-ի անդամ է և պարտավոր է պահել իրեն այնպես, ինչպես՝ դաշնակիցը»,-այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:
Քոչարյանի խոսքերով, այս խնդիրը վերաբերում է ոչ միայն Բելառուսին, այլ նաև երկրներին, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն. «Օրինակ կան եվրոպական ընկերություններ, որոնք ելնելով իրենց նյութական շահից, զենք են վաճառում Ադրբեջանին: Բնական է, որ մենք պետք է հետևողական լինենք այդ հարցերում, բարձրաձայնենք, որպեսզի դրան վերջ դրվի»:
Քոչարյանը նշեց, թե ամեն դեպքում պետք է հասկանալ, որ պետություններն առաջին հերթին առաջնորդվում են սեփական շահերով և որպեսզի այդ ճանապարհին չոտնահարվեն այլ պետությունների շահերը, այդ պետությունները պետք է ավելի ազդեցիկ լինեն. «Այսինքն բոլոր հարցադրումների բանալին մեր ներսում է գտնվում»: