Հայաստան Քաղաքական Բարի օր 

Ներողություն ենք խնդրում, ժողովուրդ. Էդուարդ Շարմազանով

«Իմ սուբյեկտիվ կարծիքով,  անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերները մնում են ամենառաջնայինն ու գլխավորը հայաստանյան հասարակության համար»,-այսօր՝ հունիսի 12-ին, խորհրդարանում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովի խոսքերով, նախկինում ՀՀԿ-ն և, մասնավորապես, ինքը միշտ խոսել են 5 կարևորագույն մարտահրավերների մասին, որոնց մեջ թե՛ պաշտպանության և անվտանգության և թե՛ Արցախի հարցի հայանպաստ և խաղաղ կարգավորումը մնում են  գլխավոր մատրահրավերներից մեկը:

Շարմազանովը նշեց, որ նոր կառավարությունը շարունակում է նախկինի արտաքին քաղաքական կուրսը, ինչը խոսում է մի կարևոր փաստի մասին, որ ՀՀԿ-ի վարած քաղաքականությունը՝ կապված արտաքին, անվտանգային ու պաշտպանական քաղաքականության հետ, արդարացված էր և բխում էր ՀՀ-ի և ԱՀ-ի շահերից. Ավելին՝ պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում են գործել և ունենալու են շարունակություն: Միևնույն ժամանակ Շարմազանովն ափոսոսանքով նշեց, որ երբեմն գնահատականներ են լինում, որոնց նպատակն է սևացնել այն ամենը, ինչ եղել է նախկինում. «Ես կարծում եմ, որ դիմացինին սևացնելով՝, դու երբեք չես կարող բյուրեղանալ: Ամեն մեկիս, ամեն ինչին գնահատականը տալու է ժամանակը: Մենք ունեցել ենք բազմաթիվ սխալներ, մեղքեր, թերություններ և դրա համար միգուցե կրել քաղաքական պատասխանատվություն: Եթե կարիք կա, մենք ներողություն ենք խնդրում այն բոլոր չարվածի համար, որ պետք է անեինք  այս տարիների ընթացքում և մաղթում ենք, որ նոր իշխանությունները կարողանան  առավել անել: Այո, մենք ասում ենք ներողություն ժողովուրդ, եթե չենք արդարացրել ձեր սպասելիքները, բայց մենք շարունակելու ենք գործել հանուն Հայաստանի Հանրապետության»:

Նույն շարքից