Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ազգ-Բանակ հայեցակարգն իրավական փաստաթուղթ չէ. ՀՀ ՊՆ-ի վերաբերմունքն Ազգ-Բանակին

analitik.am

Ազգ-Բանակ հայեցակարգն իրավական փաստաթուղթ չէ, ոչ էլ ազգային անվտանգության ռազմավարություն, այն ընդամենը եզրույթ է:

Այս մասին մեզ տեղեկացրեցին ՀՀ ՊՆ-ից՝ ի պատասխան Analitik.am-ի հարցմանը: Նշենք, որ մենք հարցում էինք արել այն մասին, թե ինչպիսին է Պաշտպանության նախարարության վերաբերմունքը «Ազգ-բանակ»-ին՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ որևէ ադեկվատ հասարակություն «Ազգ-բանակ» կոնցեպտի անհրաժեշտություն չունի, քանի որ, նրա խոսքերով, այս կոնցեպտով առաջարկվում է սիրել հայրենիքը, ինչի կարիքը չկա, քանի որ մեր հասարակությունն առանց այդ էլ սիրում է իր հայրենիքը: ԱԱԽ քարտուղարը նաև նշել էր, որ վատ է վերաբերվում «Ազգ-բանակ» կոնցեպտին:

Ներկայացնում ենք ՀՀ ՊՆ-ի ամբողջական պատասխանը.

«Պաշտպանության նախարարության ղեկավարության գործառույթների մեջ չի մտնում իրենց գործընկերների հայտարարությունները մեկնաբանելը: Առավել ևս ազգային անվտանգության այնպիսի խնդրի վերաբերյալ, որն իր ընդգրկունությամբ և բազմաշերտությամբ կարող է բերել տարընթերցումների: Վերստին նշեմ, որ Ազգ-Բանակ հայեցակարգը իրավական փաստաթուղթ չէ, ոչ էլ ազգային անվտանգության ռազմավարություն, այն ընդամենը մի եզրույթ է, որը կարող է  օգտագործվել այնպիսի պետությունների համար, որոնք ունեն անվտանգության լուրջ մարտահրավերներ և հզոր բանակի անհրաժեշտության նկատմամբ ավելի զգայուն աշխարհընկալում:

Պաշտպանության նախարարության դիրքորոշումն այն է, որ անկախությունից ի վեր Հայաստանը կանգնած է թե ժողովրդագրական և թե տնտեսական ու ֆինանսական առումով անհամաչափ ռեսուրսներ պահանջող զինված ուժեր ունենալու, ներառյալ՝ պարտադիր ժամկետային ծառայությունը պահպանելու հրամայականի առջև: Այս հանգամանքը մեզ ստիպում է ուղիներ փնտրել հասարակության այդ բեռը թեթևացնելու և ոչ միայն բանակին հատկացվող ռեսուրսները առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու, այլև դրանից լրացուցիչ օգուտներ քաղելու ուղղությամբ:

Պաշտպանության նախարարության համար կարևոր չէ, թե այս գործընթացն ինչ անվանում կունենա, առավել կարևոր է գործընթացի բովանդակությունը: Նշեմ նաև, որ պաշտպանության նախարարության քաղաքական մոտեցումներն ընդհանուր առմամբ արտացոլվել են ՀՀ Կառավարության ծրագրում»:

ՀՀ ՊՆ-ի կողմից նշված կառավարության ծրագրում արտացոլված մոտեցումներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ (3.1 կետ):

Նույն շարքից