Հայաստան Քաղաքականություն 

Ինչ են ասել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սահմանին ադրբեջանական կուտակումների մասին

analitik.am

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ հայկական կողմն արդյո՞ք բարձրացրել է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցը: Այսօր՝ հունիսի 13-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում հարց բարձրացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Բացի դրանից, ՀՀԿ-ական պատգամավորը ցանկացավ իմանալ՝ արդյո՞ք հայկական կողմը բարձրաձայնել է ինչպես նախիջևանյան ճակատում, այնպես էլ արցախյան ճակատում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին և ինչպիսին է եղել համանախագահների արձագանքը:

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ առաջին երկու հարցերի պատասխանը «այո» է, ինչը շատ բնական է. «Մենք արդեն շատ հստակ արտահայտել ենք արտաքին քաղաքականության մասով կառավարության գերակայությունը, որտեղ Արցախը զբաղեցնում է իր հստակ տեղը»:

Նախարարը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահների այցը ճանաչողական էր:

Մնացականյանը հայտնեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ խոսել են նաև երկու օր առաջ Արցախում հայ զինվորի սպանության մասին՝ հայտարարելով, որ դա մեծ կորուստ է հայկական կողմի համար և բացասական է ազդում բանակցային գործընթացի վրա, ինչը չի կարող աննկատ անցնել:
Ինչ վերաբերում է արձագանքին, ԱԳ նախարարն ասաց, որ հանդիպումները դեռ շարունակվում են և փորձ է արվում օրերն օգտագործել մաքսիմալ արդյունավետ:

 

Նույն շարքից