Հասարակություն 

Բոլորս շոկի մեջ ենք այդ նշանակումից. ԲՈՀ աշխատակիցը՝ ԲՈՀ-ի նոր ղեկավարի մասին. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲՈՀ նոր նախագահը` Սմբատ Գոգյանը, թեև ասել էր․ «Ես դեռ չեմ պաշտոնավարում՝ երկուշաբթի օրվանից», բայց օրվա ընթացքում գնացել էր նոր աշխատավայր։ Մեր տեղեկություններով՝ այս պահին նրա դոկտորականը ԲՈՀ-ի «սեղանին» է, և, փաստացի, նորանշանակ ու կրեատիվ ղեկավարը պետք է «քննի»-հաստատի ինքն իր դոկտորականը, որը երկու շաբաթ առաջ է հանձնել ԲՈՀ-ին։ Հանձնելու պահին, ասում են, սկանդալ է արել ու հեռացել։

«Հիմա, որ հետին թվով հիշում ենք իր պահվածքն ու կատարվածը, հասկանում ենք, որ ինքը գիտեր, որ նշանակվելու է ԲՈՀ-ի ղեկավար»,- ասաց ԲՈՀ աշխատակիցը։

«Բոլորս շոկի մեջ ենք այդ նշանակումից, մեր նախկին ղեկավարի նկատմամբ իշխանության մոտեցումներից, պատրաստվում ենք Նիկոլ Փաշինյանին նամակ գրել, որպեսզի կադրերն ընտրելիս և հրաժեշտ տալիս խիստ շրջահայաց լինի։ ԲՈՀ-ի նոր ղեկավարը ներկա պահին աշխատում է երեք տեղ՝ ունի «Քառակուսի» անվամբ կազմակերպություն, չգիտենք՝ ինչ է լինելու մեր կառույցի հետ, որն ունի իր տրադիցիաները, նայում ենք՝ սոցցանցերում տարածվող իր նկարներն ու չգիտենք ինչ մտածենք»։

Ի՞նքն է հաստատելու իր դոկտորականը։ «Չենք կարող ասել․ այն դեռ պետք է փորձաքննական շրջան անցնի»։ Ինքը՝ նորանշանակ Սմբատ Գոգյանը, մեր հարցին ի պատասխան գրեց․ «Այո, թեզս ԲՈՀ-ում է, ինչպիսի կարծիք որ հայտնեն մասնագետները, այդ կարծիքն էլ կհաստատվի»։

Նույն շարքից