Քաղաքականություն 

Իրավիճակն ամբողջապես բացված ու պարզ չէ. Ով է խախտել պայմանավորվածությունը. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև Բարեգործության մասին օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի ԱԺ ներկայացնելն առաջացրել է «Ծառուկյան» դաշինքի բուռն արձագանքը՝ ընդդեմ նոր կառավարության, իրավիճակն, այդուհանդերձ, դեռևս ամբողջապես բացված ու պարզ չէ՝ Ծառուկյան-Փաշինյան դիմակայության մեկնարկի մասին խոսելու համար: Եվ պատճառն այն չէ, որ Բարեգործության մասին օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագծի հեղինակը նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությունն է: Ի վերջո, նոր կառավարությունը կարող էր չներկայացնել այն ԱԺ, եթե դեմ էր:

Իսկ օրենքի փոփոխությունները ենթադրում են բարեգործական նախաձեռնությունների վերահսկողության էական աճ, մասնավորապես քաղաքականության հետ առնչության մասով: Հասկանալի է, թե ինչու է դրան կտրուկ դեմ «Ծառուկյան» դաշինքը: Բանն այն է, որ այդ ուժը հենց Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների վրա է կառուցված, դա է հիմնական «քաղաքական կապիտալը», և հետևաբար այն կտրելու պարագայում կառաջանա նոր պայմաններում մրցակցային նոր, արդեն ավելի քաղաքական ռեսուրսի անհրաժեշտություն:

Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, որ իրավիճակի վերաբերյալ դեռևս չեն արտահայտվել Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը: Իսկ սա էական է այն պատճառով, որ գործնականում հենց նրանց միջև է այն քաղաքական համաձայնությունը, որի շրջանակում Ծառուկյանն աջակցել է թավշյա հեղափոխության վարչապետի թեկնածուին և նաև մաս կազմել կառավարությանը: Ինչի՞ շուրջ է եղել Ծառուկյան-Փաշինյան համաձայնությունը, ո՞րն է եղել դրա բովանդակային առանցքը, ինչ են պայմանավորվել նրանք փակ դռների հետևում հանդիպմանը կամ հանդիպումներում, պարզ չէ: Բայց հարց է առկա իհարկե՝ կարո՞ղ էին նրանք չքննարկել, այսպես ասած, հետհեղափոխական կամ կառավարական գործունեության շրջանի հարցեր, խաղի կանոններ, հարաբերություններ և այլն:

Այսինքն՝ դեռևս պարզ չէ՝ Բարեգործության մասին օրենքն ԱԺ ներկայացնե՞լն է պայմանավորվածությունների խախտում, թե՞ «Ծառուկյան» դաշինքն է դրանք խախտում՝ դուրս գալով այդ նախաձեռնության դեմ, որն, ի վերջո, Հայաստանում ընտրական համակարգի ռեֆորմի կարևոր տարրերից և քաղաքական դաշտի ու կյանքի առողջացման կարևորագույն նախաձեռնություններից մեկն է՝ ինչ շարժառիթով էլ որ այն հեղինակել է նախորդ կառավարությունը:

Իրավիճակն այս մասով քիչ թե շատ պարզ կարող է դառնալ, երբ թե՛ խնդրի, թե՛ ընդհանրապես ավելի լայն քաղաքական բնույթի հարաբերությունների առնչությամբ կարտահայտվեն Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը, թեև Փաշինյանն ինչ-որ իմաստով «ավանսով» արտահայտվեց հունիսի 7-ին կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում՝ հայտարարելով, թե որևէ մեկը թող չմտածի, որ լավություն է արել իր օգտին քվեարկելով: Սա կարո՞ղ էր լինել պայմանավորված այն հանգամանքով, որ Փաշինյանը ստացել էր որոշակի պայմանների վերաբերյալ պահանջներ, թե՞ նա գիտեր, որ վաղ թե ուշ ստանալու է կամ ստանալու է հենց Բարեգործության մասին օրենքի պարագայում»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից