Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև լեզվակռիվ է եղե՞լ. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին, երբ մամուլը ողողված է ԱԺ «Ելք» խմբակցության շուրջ ծավալվող իրադարձությունները մեկնաբանելով, տարաբնույթ լուրեր են շրջանառվում: Ի մասնավորի, տեսակետ կա, թե «Ելք»-ում շարունակվում են ջրերը տարբեր առուներով հոսել, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև լեզվակռիվ է եղել և այլն:

ՔՊ կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով վերջին շրջանում իրեն տեսնում էր խմբակցության ղեկավարի դերում, իսկ օրերս էլ նրա ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, նշանակվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում, «Փաստի» հետ զրույցում հավաստիացրեց, որ Էդմոն Մարուքյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև վիճաբանություն չի եղել: Նա հիշեցրեց, որ արդեն 1,5 տարի է՝ մամուլը գրում է դաշինքի փլուզվելու մասին, սակայն մինչ օրս նման բան չի եղել: «Ես գիտեմ, որ երեկ պարոն Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպել են, տարբեր հարցեր են քննարկել, բայց նրանց միջև որևէ վիճաբանություն չի եղել: Ոչ մի բախում էլ չկա: Անգամ տարաձայնություն չկա: Վերջին շրջանում միայն ԱԺ–ին վերաբերող հարցերն ենք քննարկում»,– ասաց Լ. Նազարյանը:

Խոսելով «Ելք» դաշինքի ղեկավարի թեկնածուի ընտրության մասին՝ նա նշեց, որ այդ հարցն այլևս առաջնային չէ, քանի որ այն ավելի լայն կոնտեքստի շրջանակներում է քննարկվում: Եվ կախված նրանից, թե ինչպես կավարտվեն այդ քննարկումները, այդ ժամանակ ավելի հստակ կերևա, թե խմբակցության ղեկավարի հարցը որքանով է ակտուալ:

«Դաշինքը հուշագիր է կնքել, որի 4–րդ կետի համաձայն՝ կուսակցությունները պարտավորվել են մեկ կուսակցություն դառնալու շուրջ քննարկումներ սկսել: Նախկինում նման փորձ արվել է, սակայն այն հաջող չի ընթացել: Բայց առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրավիճակ է փոխվել, պայմաններ են փոխվել, և հիմա քաղաքական ուժերը փորձում են հասկանալ՝ միասի՞ն են գնալու ընտրությունների, թե՞ առանձին–առանձին: Այս քննարկումներն են ընթանում, բայց դրանք տեղի են ունենում շատ հանգիստ ու հանդարտ մթնոլորտում: Մենք գործընկերներ ենք, մեկ տարի աշխատել ենք միմյանց հետ և շատ հարգալից ենք միմյանց վերաբերվում»,– ասաց Լ. Նազարյանը:

Որպես միասնականության հավաստիացում, նա շեշտեց, որ ԱԺ–ում «Ելք» դաշինքի պատգամավորները նիստերի ժամանակ միասնական են քվեարկում:

Իր ամուսնու՝ պետական գյուքի կառավարման վարչության պետի պաշտոնում նշանակվելու առիթով մամուլի հրապարակումների մասին Լ. Նազարյանն ասաց, որ այնպես է ստացվել, որ իր ամուսինը ՊԵԿ–ում հրապարակային կերպար չի եղել, բայց նրա ֆեյսբուքյան գրառումներն ու հրապարակված գրառումները դիտելուց անգամ պարզ կդառնա, որ Ն. Բաբայանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է և մշտապես ներգրավված է եղել ՔՊ–ի բոլոր գործընթացներում:

«Նարեկը բոլոր ընտրությունների, քարոզարշավների, ինչպես նաև համաժողովրդական շարժման ակտիվ մասնակիցներից է եղել: Եվ ՔՊ–ում չկա գեթ մեկ հոգի, ով ինձ և Նարեկին չընկալի որպես առանձին և ինքնուրույն անձերի: Այսինքն, մենք այնտեղ վաղուց չենք ընկալվում որպես ամուսիններ: Իսկ Նարեկը նշանակվել է այդ պաշտոնում, որովհետև մեր թիմի լիարժեք անդամ է, ոչ թե որովհետև իմ ամուսինն է»,– ասաց Լ. Նազարյանը:

Նա, բացելով փակագծերը, նշեց, որ ոչ թե ինքն է իր ամուսնու համար միջնորդել, այլ իր ամուսինն է տիկին Նազարյանին ծանոթացրել ՔՊ–ի անդամների հետ: Այսինքն, ինքը չէր կարող միջնորդել, որպեսզի ամուսնուն պաշտոն տան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից