Հասարակություն 

Կայացել է «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովը

analitik.am

Այսօր կայացավ «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի, որի ժամանակ   ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարություն արեց այն մասին, որ  Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրած համաձայնագիրը շատ կարևոր դերակատարում ունի Հայաստանի ապագայի համար: Նա նշեց, որ այսօրվա քննարկման մեջ հատկապես կարևոր է իրավունքի գերակայության մասը. «Այսօր քաղաքացիական հասարակության գործընկերներից մեկը պնդում էր, որ քաղհասարակությունը պետք է համախմբվի նոր իշխանությունների հետ ու աշխատի, և ամեն ինչ լավ կլինի: Ես կարծում եմ, որ քաղհասարակությունը չպետք է համախմբվի որևէ կառավարության հետ, որևէ օրվա իշխանության հետ, այլ պետք է watchdog-ի դեր տանի»,- ասաց Մարուքյանը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ նշեց, որ Հայաստանը մտնում է զարգացման լավ փուլ, երբ քաղաքական օրենքները կսկսեն աշխատել. «Նախկին իշխանություններն ուզում էին հայ ժողովրդի վզին փաթաթել միտքը, թե լավ օրենքները կան, բայց դրանք հայ ժողովրդի համար չեն: Հայ ժողովուրդը պայթեցրեց այդ միտումը ու ճիշտ արեց: Այ հիմա նորմալ կզարգանա Հայաստանը»:

Փորձագետը նշեց, որ ՀՀ-ում կատարվեց իշխանափոխություն, և դա էր պատճառը, որ Արևելյան գործընկերության ձևաչափի բանաձևը փոխվեց և դարձավ 4+2 և ոչ թե 3+3.
«Հայ ժողովուրդն ասաց, որ մենք ուզում ենք ապրել ժողովրդավարության պայմաններում, չենք ուզում նույն մարդուն 4-5-6 անգամ տեսնել, և  դա էր պատճառը, որ բանաձևը դարձավ 4+2, և դա պետք է լինի փաստ շատերիս համար, նաև մեր գործընկեր եվրոպացիների համար»,-ասաց նա:

Ստեփան Գրիգորյանը խոսեց նաև այն մասին, որ  կեղծ ինֆորմացիա էր տարածվում, և եվրոպացի գործընկեներին համոզում էին, թե Հայաստանում ինչ-որ տեռորիստական խմբավորումներ կան: Նա նշեց, որ այլևս նման մոտեցումները «կմաքրվեն». «Ամոթ  է 60 քաղբանտարկյալ ունենալ և դուրս գալ, ասել, որ քաղբանտարկյալներ չկան, դրանք փորձագետներ չեն, ֆեյքային փորձագետներ էին: Այն, որ մարդկանց իրար հետևից բաց են թողնում, ի պատիվ Նիկոլ Փաշինյանի, դատավորների վրա ոչ մի ճնշում չկա, դա կարևոր է և ցույց է տալիս, որ կան քաղբանտարկյալներ, և այդ հարցը պետք է լուծվի»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ խոսեց այն մասին, որ պետությունը չի նախապատրաստել հասարակությանը բարեփոխումներին: Նա նշեց, որ  չի կարող որևէ երկրից որևէ փորձ մեխանիկորեն ներմուծվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտ՝ առանց հաշվի առնելու մեր առանձնահատկությունները. «Բայց նաև սխալ է մոտեցումը, որ պետք է սպասել, մինչև հասարակությունը զարգանա, նոր Հայաստանում սկսվեն ոլորտային բարեփոխումները: Դրանք պետք է իրականացնել և հասարակությանը տանել հետևից: Այդ առումով մենք մեր երկրում ունեցել ենք բացթողումներ, որովհետև եղել են քայլեր, որոնք իրականացվել են որոշակի ցնցումներով, օրինակ՝ «Ընտանեկան բռնության դեմ» ոլորտի օրենսդրությունը»:

 

Նույն շարքից