Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են համակարգված սցենարով, վստահ և դինամիկ կերպով: Այս մասին Մեդվեդևը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
«Հայաստանը մեր դաշնակիցն է, և մենք միասին ձգտում ենք ինտեգրացիոն միությանը, համագործակցում ենք ՀԱՊԿ-ում, զարգանում ենք համակարգված սցենարով, մենք մեր զարգացումը համակարգում ենք սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում»,-հայտարարել է Ռուսաստանի վարչապետը:
Մեդվեդևը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը վերջին շրջանում լավ աճում է, նույնը կարելի է ասել նաև Ռուսաստանի տնտեսության մասին, ինչը, Մեդվեդևի խոսքերով, համագործակցության արդյունք է:
Մեդվեդևը նաև հիշեցրել է, որ անցած տարի հոկտեմբերին եղել է Հայաստանում, մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, և հիմա հայկական և ռուսական կողմերը պետք է ջանքեր գործադրեն այդ համաձայնագրերը կյանքի կոչելու համար:
Փաշինյանն իր հերթին ՌԴ վարչապետին շնորհավորել է աշխարհի առաջնության մեկնարկի կապակցությամբ՝ հավելելով, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են. «Մեր հարաբերությունները միշտ եղել են հատուկ և միշտ այդպիսին են մնալու: Ես չեմ կասկածում այդ հարցում: Վստահ եմ, որ տնտեսական ոլորտում ևս մեր հարաբերությունները կզարգանան»:
Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը շատ ընդհանուր շահեր ունեն, ինչը լավ հիմք է արդյունավետ և դինամիկ աշխատանքի համար: