Բարի օր Հասարակություն 

Քաղաքացիները դեմ են կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին՝ համարելով դա հավելյալ բեռ

analitik.am

Analitik.am-ը հարցում է անցկացրել ՀՀ քաղաքացիների շարքերում, պարզելու համար, թե ինչպես են վերաբերվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, քանի որ այս տարվա հուլիսի 1-ից կգործարկվի  կուտակային կենսաթոշակային համակարգ  պարտադիր բաղադրիչը:

Հարցման բոլոր մասնակիցները դեմ արտահայտվեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին:

Քաղաքացիներից մեկն ասաց. «Օրինագծի՝ ԱԺ մտնելու պահից դեմ եմ եղել, ու պասիվ (ոչ ակտիվիստական շարժումով) մասնակցել եմ գրեթե բոլոր ցույցերին։ 2015 թ.-ից սկսել եմ վճարել, քանի որ սկսեցի աշխատել «Արմենիան Քարտ» ընկերությունում, քանի որ ԱրՔա-ն համարվում էր ԿԲ-ին կից կառույց, սկզբի շրջանում ինձ նամակներ էին գալիս ընթացիկ հավաքագրված գումարի մասին, բայց միայն իմ տվածի, պետության 5%- ը չեր նշվում։ Հիմա էլ չի գալիս, չգիտեմ էլ ինչու, երևի հաշիվը կորցրել են։ Ես Դեմ եմ, քանզի իմ և ոչ միայն իմ մուծած հարկերի մեջ արդեն իսկ ընդգրկված է այդ վճարը։ Հիմա ստացվում է, որ պետությունն ուզում է  իմ հարկն ամսի 1-ից բարձրացնի փաստացի 2.5%-ով, իսկ 2020թ.-ից՝  ևս 7.5%-ով։ Փողը գնում է տարօրինակ ֆոնդերի, և փողի շրջանառությունը խիստ փակ է, պետական պարտատոմսերի ձեռք բերման շնորհիվ»։

«Թող կամավոր լինի, ով կուզի իր  աշխատավարձի այդ  չափը կգնա ֆոնդին, ով չի ուզի՝ թող չգնա։ Ինչի՞ է պարտադիր դա:Ես եմ՝ մեռնում եմ,  թոշակի տարիքի չեմ հասնում, խի՞  են պարտադիր տանում այդ բաժինը, ամեն մեկի համար լավ բանը տարբեր է, թող ամեն մեկն էլ որոշի, թե իր համար որն է լավը»,-ասաց մեկ այլ քաղաքացի։

Մի ուրիշ քաղաքացի էլ նշեց, որ դեռ շուտ է այդ չափի գումարներ վերցնելու համար.  «Էս  աղքատ ժողովրդից էդ  չափի գումարներ վերցնելը դեռ շուտ ա։ Բոլորս էլ լավ գիտենք, որ էդ գումարներն աշխատավարձերից  ա դուրս գալիս, իսկ ամսական էդքան գումար վերցնելը մի մարդուց, ում աշխատավարձը կազմում է 90.000 դրամ, էդ արդեն վատա։ Աշխատավարձից հանելը չի կարա հիմա դրական լինի, ես դեմ եմ։ Մի կողմից էլ, որ նայենք մահացողների թիվը, կհասկանանք, որ 63 տարեկանից թոշակի անցնողները քիչ են ու գնալով քչանում են»։

«Ես իհարկե հասկանում եմ, որ նախկին կառավարությունը երկիրը հասցրել է այնպիսի վիճակի, որ անհնար է դարձել թոշակների վճարման խնդիրները, սակայն նկարագրեմ իմ երեխաների վիճակը. Աղջկաս ընտանիքն ապրում է վարձով, վճարում են վարձակալության համար, գումարած դրան կոմունալ  վճարներ, կան նաև առողջական խնդիրներ և այլն։ Երկուսն էլ վաստակում են շատ քիչ և ևս մեկ պահումը հարված է իրենց նորաստեղծ ընտանիքին։ Եթե մեր նորաստեղծ կառավարությունը կկարողանա նախ փոփոխություններ մտցնել եկամտահարկերի պահման, մինիմալ աշխատավարձի բարձրացման և կմտածի մեխանիզմներ, որոնք կնպաստեն նորաստեղծ ընտանիքներին նեցուկ լինելուն, ապա հետո նոր թող այդ բաղադրիչը դարձնեն պարտադիր։ Քանի դեռ այս ամենը շտկումների փուլում է, դա դարձնել պարտադիր, ևս մեկ հարված է ընտանեկան բյուջեին, ինչին ես դեմ եմ։ Անձամբ ինձ սա չի վերաբերում, քանի որ ես 1970 թ.-ի ծնված եմ, բայց երեխաներիս մասով հաստատ մտածելու  առիթ է տալիս»,- ասաց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի նույնպես նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է ներդրվի միայն քաղաքացու կամքով. «Իմ կարծիքով, դա պետք է լինի ըստ ցանկության, քանի որ մինչև հիմա հարկային քաղաքականությունը կիրառվում է ի վնաս ժողովրդի` այսինքն, ժողովուրդը չի վստահում,  չգիտի՝ կխաբվի, թե կօգտվի»։

«Եվ ո՞վ ա դրա մտածողը։ Էս երկիրը հո որբի գլուխ չի, ով երբ ուզի խուզի։ Ես եմ ու 7 տարի հետո մեռնում եմ, բա 7 տարվա փոխանցածս փողերն ուրա՞ գնում։ Չէ, ես դեմ եմ ու վերջ»,-ասաց  քաղաքացիներից մեկը։

«Երբ  ստանում ես ամսական 50.000 դրամ, հետաքրքիր ա, դրանից որ հանեք տոկոս, տակն ի՞նչ ա մնալու։ Բա ո՞ւր մնաց գոնե երիտասարդ տարիքում էդ աշխատավարձի մի մասը վայելելու ցանկությունը։ Բա որ ես եմ 30 տարեկանում մեռնում եմ, 50.000 դրամ աշխատավարձով գոնե չկարողանա՞մ ապրել մինչև 30 տարեկան»,- վրդովված ասաց քաղաքացիներից մեկը:

«Միգուցե մենք չենք հասկանում այդ համակարգի կարևորությունը, բայց ամեն դեպքում ժողովրդի հասարակ մտածողությամբ բացասական ա ընկալվում, որովհետև ոչ մեկ իրա առանց էդ էլ փոքր աշխատավարձը չի ուզում կիսի, թեկուզ թոշակի համար։ Թող բարձր աշխատավարձ սահմանեն, մենք էլ հաճույքով կտանք տոկոս էլ, մի բան էլ ավել։ Կարողա՞ իրանք մեզանից շատ են մտածում մեր ծերունական տարիքում ապրելակերպի մասին»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Մի ուրիշ քաղաքացի նշեց, որ ընդհանուր առմամբ կողմ է, սակայն միայն, եթե լինի կամավոր սկզբունքով.  «Շատ մարդիկ կան, որ քիչ աշխատավարձ ունեն, մի հատ էլ դնեն մտածեն թոշակի համար փող կուտակեն։ Չի կարելի պարտադիր ձևով ներդնել։ Ով կուզի,կհատկացնի գումար իր  ծերության համար, ով էլ չի ուզի, թող ապրի գոնե էդ փոքր աշխատավարձով»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշվեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Կառավարության այս նիստին հաջորդեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը, ով իր հրաժարականի տեքստում գրել էր.

«Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են և բազմաշերտ։ Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ, և առանց հանրության հետ քննարկելու, խնդիրները բացահայտելու և միասնական և ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչի ամբողջ ծավալով ներդրման համար։ Ես լիահույս էի, որ նոր կառավարությունը այս խնդրի լուծման նոր ճանապարհով կգնա։ Նախորդ իշխանությունների կողմից խնդիրների լուծման իմպերատիվ մեթոդները ընդունելի չեն ինձ համար։

Սիրելի հայրենակիցներ, ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր, և հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և ընտրության հնարավորության սկզբունքը, հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը և երկարաժամկետությունը»։

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից