Հասարակություն 

ԱՄՆ դեսպանատունը օգնում է շրջանավարտների «Շնչող արվեստ» նախաձեռնությանը. Միջոցառումների ժամանակացույց

Արվեստը թույլ է տալիս արտահայտել մեր զգացմունքները, հաղորդակից դարձնել մեր մտքերին և ներկայացնել մեր մշակույթը: Դա է պատճառը, որ տարիներ շարունակ ԱՄՆ դեսպանությունը հպարտությամբ արվեստագետներին ու արվեստի առաջատար գործիչներին ներգրավել է ԱՄՆ-ում իրականացվող փոխանակման ծրագրերում: Այժմ այս ծրագրերի շրջանավարտները, համատեղ ջանքերով և ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, փորձում են հայաստանյան վառ արվեստը ներկայացնել նոր լույսի ներքո մի նախաձեռնության միջոցով, որը կոչվում է «Շնչող արվեստ»:

«Շնչող արվեստ» նախաձեռնությամբ հայկական գլուխգործոցները ներկայացվում են նորովի՝ բեմադրության և տեսաարվեստի միջոցով, ինչն արվում է առաջին անգամ: Այս նախաձեռնությունն իրականացվում է ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար և ԱՄՆ պետքարտուղարության միջազգային առաջնորդ-այցելուների ծրագրի շրջանավարտ Վահան Բադալյանի կողմից: Ծրագիրը, որին նա մասնակցել է Միացյալ Նահանգներում, դիտարկում էր այն ուղիները, թե ինչպես կատարողական արվեստները կարող են կիրառվել երիտասարդական նախաձեռնություններ խթանելու նպատակով: Նա հավատացած է, որ «Շնչող արվեստը» թանգարանների այցելուներին թույլ կտա հայկական արվեստն ընկալել նոր ու ուշագրավ եղանակներով:

«Երևանում մի քանի թանգարանի ուզում ենք նոր շունչ ու ոգի հաղորդել՝ ներկայացնելով նրանց ամենաուշագրավ ցուցանմուշները անսպասելի ու ինքնատիպ ձևով, որպեսզի այցելուների առաջ բացահայտվի հայտնի ստեղծագործության գեղարվեստական արժեքը և գաղափարի վեհությունը` մեկ այլ տեսանկյունից և մեկ այլ միջոցի կիրառմամբ», – նշեց Վ. Բադալյանը:

Այս նախաձեռնության շրջանակում, հունիսի 14-ից 19-ը 6 թանգարան, որոնց տնօրենների մեծ մասն ամերիկյան փոխանակման ծրագրերի շրջանավարտներ են, իրենց հարկի տակ կներկայացնեն արվեստը նորովի հրամցնելու ուշագրավ լուծումներ՝ բեմադրություն, բոդիարթ, տեսապրոյեկտմամբ վերափոխված տարածքներ, ինստալյացիաներ, որոնցից ամեն մեկը կտևի 3-7 րոպե, ապա պարբերաբար կկրկնվի, քանի դեռ «Շնչող արվեստը» ընթացքի մեջ է:

«Արվեստը կարևոր դեր ունի հայկական մշակույթում, ուստի մենք ուրախ ենք աշխատել արվեստագետների և թանգարանների տնօրենների հետ, ովքեր մեր փոխանակման ծրագրերի շրջանակում եղել են ԱՄՆ-ում և վերադառնալով լծվել են այս կարևոր ոլորտի զարգացման գործին: Հայաստանում իր տեսակի մեջ առաջին անգամ իրականացվող այս ծրագիրն ի ցույց է դնում հայկական ստեղծարար ոգին ու զբոսաշրջիկների համար գեղեցիկ արվեստների գրավիչ ու գունեղ միջավայր ձևավորելու ցանկությունը», – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Շնչող արվեստի» մեկշաբաթյա միջոցառումների մուտքն անվճար է: Ամբողջական ծրագիրը ներկայացվում է ստորև.

Հունիսի 14 – Սարյանի տուն-թանգարան, 19:00-20:00 (Մարտիրոս Սարյան փող. 3)

Հունիսի 15 – Երվանդ Քոչար թանգարան 20:00-21:00, (Մաշտոցի պողոտա 39/12)

Հունիսի 16 – Հայաստանի ազգային պատկերասրահ 15:00-17:00 (Արամի փող. 1)

Հունիսի 17- Գաֆեսճեան արվեստի կենտրոն 18:30-19:30 (Թամանյան փող. 10)

Հունիսի 18 – Կալենց թանգարան 19:00-20:00 (Կալենցի փող. 18)

Հունիսի 19 – Արև արթ գելըրի 19:00-20:00 (Տերյան փող. 19)

 

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Related Articles