«Փաշինյանն իմ երազանքների վարչապետը չէ, բայց եթե նա կանի քայլեր, որոնք միտված կլինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովմանը, Արցախ հարցի հայանպաստ լուծմանը, բնականաբար ես նրա կողքին եմ լինելու, բոլորս ենք լինելու»,-հունիսի 14-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմզանովը՝ հավելելով, որ համազգային հարցերում չկա ընդդիմություն կամ իշխանություն. «Սա է Հանրապետականի դիրքորոշումը»:
Շարմազանովի խոսքերով, երբ Հանրապետականը հրաժարական է տվել, նշել են մի քանի կարևորագույն հարցեր՝ Արցախ, Ցեղասպանության ճանաչում, Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացում, արժեքային համակարգի պահպանում, բանակաշինություն և անվտանգություն, ԵՄ-ի հետ համաձայնագիր. «Մենք պետականամետ ու կառուցողական ընդդիմություն ենք»:
ՀՀԿ խոսնակը նաև խոսել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարության մասին, որ ինքը նաև Ադրբեջանի ԱԳ նախարարն է՝ նշելով, որ դա պանթուրքիզմի գաղափարախոսության հերթական դրսևորումն է:
Անդրադառնալով հնարավոր պատերազմին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է՝ քանի դեռ չկա խաղաղության վերջնական պայմանագիրը, քանի դեռ Ադրբեջանը չի ընդունում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, նման ոչ ցանկալի սցենարներ գոնե տեսականորեն հնարավոր են: