«Արդյունավետ այց ենք ունեցել և կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով, շատ ավելի լավ, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում»,-այսօր՝ հունիսի 15-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Ռուսաստան կատարած այցը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը Ռուսաստան մեկնեց հունիսի 13-ին Ռուսաստանում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը մասնակցելու համար: Այցի շրջանակներում վարչապետը հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Փաշինյանի խոսքերով, հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան, և պետք է աշխատել գոյություն ունեցող պոտենցիալն իրականացնելու ուղղությամբ. «Կարող ենք արձանագրել, որ մեր հարաբերություններում պրոբլեմներ չկան, և անհրաժեշտ է աշխատել առկա տնտեսական պոտենցիալը լիարժեք իրականացնելու ուղղությամբ»: