Հայաստան Քաղաքական գլխավոր 

Թեժ քննարկում՝ Նիկոլ Փաշինյանի և Վալերիյ Օսիպյանի միջև. Փաշինյանն ի վերջո զիջեց

Այսօր՝ հունիսի 15-ին, կառավարության նիստում քննարկվեց ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է գործածությունից հանել շարժական տեսախցիկները:

Օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ նշելով, որ օրենքի նախագծում ներկայացված հիմքերը բավարար չեն՝ առաջարկելով շարժական տեսախցիկները գործածությունից հանելու փոխարեն տեսախցիկներով զինված ավտոմեքենաները զինել տարբերանշաններով, որպեսզի մարդիկ իմանան, թե որ ավտոմեքենաներում են տեղադրված տեսախցիկները: Բացի դրանից, Օսիպյանը նշեց, որ առաջարկվում է հատուկ ցուցանակներով նշել, թե որ հատվածներում են իրականացվելու նկարահանումները: Այսինքն՝  նկարահանումներն իրականացվելու են կոնկրետ վայրերում:

Սրա հետ վարչապետ Փաշինյանը չհամաձայնվեց՝ նշելով, թե մի կողմից ասվում է, որ մարդկանց պետք է քիչ տուգանել, բայց մյուս կողմից շարժական ավտոմեքենաներ են բերվում:
Փաշինյանը խոսեց նաև ոստիկանների համաազգեստի վրա տեղադրված տեսախցիկների մասին՝ նշելով, որ ոստիկանները պետք է քաղաքացուն նկարահանելուց առաջ զգուշացնեն նկարահանման մասին և նաև հայտնեն, որ քաղաքացին իրավունք ունի նկարահանվելուց հրաժարվել:

Ոստիկանապետը ոստիկանների համազգեստի վրա տեղադրված տեսախցիկների մասով ասաց, որ քաղաքացիները զգուշացվում են, իսկ ինչ վերաբերում է շարժական տեսախցիկներին, ապա դրանք զսպող դեր ունեն, դրա համար ոստիկանությունը գտնում է, որ դրանք պետք է գործեն՝ հավելելով որ դրանք այս պահին չեն գործում:

Հարցի քննարկմանը միջամտեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ տեսախցիկներով զինված ավտոմեքենաները պետք է ունենան նաև հատուկ փարոսիկներ, որպեսզի մարդիկ տեսնեն ու ճանաչեն դրանք:

Այս առաջարկը ևս դուր չեկավ վարչապետ Փաշինյանին, ում խոսքերով, պետք է դադարել մարդկանց որպես տուգանքի մատերիալ տեսնել, այլ ոչ թե մտածել փարոսիկով տուգանել, թե՝ առանց փարոսիկ:

Փաշինյանի խոսքերով, երբ քաղաքական որոշումներ է կայացվում, բոլորը պետք է հետևեն դրան, իրավունք չկա պուճուր քայլերով գնալ դեպի նախկին իրավիճակը. «Նման բան չի լինելու: Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ: Կոչ եմ անում բոլորին սա ընդունել որպես ի գիտություն»:

Օսիպյանը հայտնեց, որ բարեփոխումների փաթեթ  է առաջարկվելու մինչև ամսվա վերջ, և քաղաքացիները կտեսնեն, որ տուգանքների չափերը լուրջ նվազելու են՝ կրկին ընդգծելով, որ տեսախցիկներն ունեն զսպող դեր:

Վարչապետը կարծիք հայտնեց, որ երթևեկության անվտանգությունը նաև մշակութային հարց է, վարորդները պետք է կարողանան քաղաքակիրթ ձևով գործել. «Հրամայում եմ, պահանջում եմ չմեծացնել քաղաքացիներին տուգանելու հնարավորությունները»:

Փաշինյանը նշեց, որ խնդիրները  պետք է լուծել նոր ձևով՝ հայտարարելով, որ վերոնշյալ հարցը հետաձգվում է: Սակայն, ավելի ուշ պարզվեց, որ հրատապության խնդիր կա, և մի քանի օրվա ընթացքում կառավարությունը պետք է տա իր եզրակացությունը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին առաջարկեց բացասական եզրակացություն տալ և ժամանակ ունենալ միջազգային փորձն ուսումնասիրելու համար:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրոզյանն էլ հայտարարեց, որ պաշտպանում է Ավինյանի առաջարկը:
Զեյնալյանն, արձագանքելով առաջարկին, ասաց, որ բացասական եզրակացության դեպքում չեն գործելու նաև ոստիկանների համազգեստին տեղադրված տեսախցիկները, ինչը նոր խնդիրներ է առաջացնելու:

Վարչապետն առաջարկեց շարժական տեսախցիկների գործածությունը դադարեցնել, իսկ ոստիկանների համազգեստի վրայի տեսախցիկները՝ ոչ:

Փաշինյանն ի վերջո առաջարկեց ընդունել նախագիծը՝ պայմանավորված հարցի հրատապ լինելով, հետո շարունակել քննարկումները:
Որոշումն ընդունվեց, Փաշինյանը հավելեց, որ չպետք է լինեն գործողություններ, որոնք կհակասեն քաղաքական որոշմանը՝ հավելելով, որ քննարկումները պետք է շարունակել:

 

 

Նույն շարքից