Այսօր՝ հունիսի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ այն տեղեկություններին, որ ԲՈՀ-ի նախկին ղեկավարը տեղեկացված չի եղել իր հեռացման մասին՝ նշելով, որ Լիլիթ Արզումանյանի հետ ինքն արդեն հանդիպել է. «Նա ճիշտ է ասում, որ նախապես չի տեղեկացվել: Դա տեխնիկական խնդիրների հետ կապված է եղել, որովհետև ժամկետներ կային, որ այդ փոփոխությունները պետք է տեղի ունենային: Ես Արզումանյանի հետ հանդիպել եմ, այդ իրավիճակը, կարծես թե, հարթվել է, ես նրա հետ հանդիպելու եմ նաև կիրակի»:
Հարությունյանը խոսեց նաև ԲՈՀ-ի նոր ղեկավարի մասին: Պատասխանելով լրագրողի հարցին, որ Սմբատ Գոգյանի նշանակումը միաշնանակ չի ընդունվել՝ նախարարն ասաց, որ վերջինս փայլուն գիտնական է, ազատ մարդ. «Մեր մաթեմատիկայի ոլորտում հսկայական ներդրում արած մարդ է: Եթե նկարների հետ կապված եք ասում, նա տարիքով բավականին փոքր է և ֆեյսբուքում հայտնվել է պատանեկության տարիներին: Եթե պատանեկության տարիքում ինչ-ինչ նկարներ է արել, մի քիչ լկստված, կարող ենք յուրաքանչյուրիս մասով նման նկարներ գտնել: Եկեք դրա վրա չհիմնվենք»: