Առողջապահություն Հասարակություն 

Գարեգին Բ-ն «Իզմիրլյան» ԲԿ-ում հանդիպել է հաշմանդամություն ստացած զինվորականներին

analitik.am

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ուղեկցությամբ այցելեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, ուր հանդիպեց արցախյան ազատամարտի, ապրիլյան քառօրյայի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած 15 զինվորականների հետ։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով այս օրերին Հայաստան են այցելել Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի Հնդկաստանի մասնաճյուղի օրթոպեդ-վնասվածքաբաններ՝ զինհաշմանդամներին զննելու և պրոթեզավորման համար անհրաժեշտ չափումներ կատարելու նպատակով: Պրոթեզները պատրաստվելու են Գերմանիայում: Բուժզննությունից մինչև պրոթեզավորում և ապաքինում երեք ամիս է տևում:

Հնդկահայ համայնքի հոգևոր հովիվ Տ. Մովսես աբեղա Սարգսյանն իր խոսքւմ նշեց.

«Երբ որ հիվանդին տանում ենք Կալկաթա, էնտեղ չափումներն անելուց հետո, մենք կանխավճար ենք անում, պատվիրում ենք, ապա պրոթեզները գալիս են Գերմանիայից մեկ ամիս հետո և նոր սկսվում է պրոթեզավորման գործընթացը և որպեսզի այս գործընթացն արագացնենք, մենք որոշեցինք այդ չափումներն անենք էստեղ, ապա էնտեղ մենք կպատվիրենք, պրոթեզները կգան և հետո նոր կկանչենք զինվորականներին էնտեղ, երեք ամիս մնալու փոխարեն կմնան 20 օր կամ մեկ ամիս»:

Զինհաշմանդամներին հայրապետական օրհնություն բաշխեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Նորին Սրբությունը նշեց, որ ապագայի ծրագրերից է բուժսպասարկումն ամբողջությամբ իրականացնել Հայաստանում: Վեհափառ Հայրապետը մաղթեց, որպեսզի քառօրյայի մասնակից Սարգիս Գաբրիելյանի լավատեսությունը վարակիչ լինի բոլորի համար: Տիրոջ օրհնությունն ու պաշտպանությունը հայցեց բոլոր զինվորականների կյանքում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խոսքն ուղղեց զինհաշմանդամներին և նրանց հարազատներին.

«Մեր աղոթքն ու օրհնությունն ենք ձեզ բերում, մենք բարձրորեն գնահատում ենք ձեր ծառայությունը մեր հայրենիքին, խոնարհում բերում ձեր հերոսական ոգուն, ձեր առ հայրենին ունեցած սիրուն: Ձեր կյանքը, ձեր անձը հանձնառու կերպով ընծայաբերել եք մեր երկրի պաշտպանության, մեր ժողովրդի անվտանգ կյանքի նվիրական գործին: Աստված թող օրհնի ձեզ»:

Բժիշկները Հայաստան են ժամանել հնդկահայ համայնքի հոգևոր հովիվ Մովսես աբեղա Սարգսյանի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության փոխատենապետ Սյուզան Ռուբենի ուղեկցությամբ:

Սյուզան Ռուբեն, Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության փոխատենապետը նշեց, որ առաջին անգամ չէ, որ մենք նման գործեր ենք կատարում, արդեն երեք տարի է բուժօգնություն ենք տրամադրում զինվորականներին: Մինչ այժմ ինչ արել ենք, ելքը բարեհաջող է եղել: Հիմա ավելի մեծ թվով մարդկանց կօգնենք և ավելի կարճ ժամկետներում:

Արցախյան գոյամարտում ականանետի հարվածից ոտքը կորցրած …յանն ասում է, որ կարևոր է ոգու ամրությունը, եթե ոգիդ վիրավոր չէ, ցանկացած ցավ կարող ես հաղթահարել:

Ժամանակալից բժշկությունը լուրջ առաջընթացներ է արձանագրել և մենք կանենք հնարավոր լավագույնը, որպեսզի այս մարդիկ իրենց հասարակության լիարժեք անդամ զգան,- ասաց բժիշկ Սումիթ Նաթը:

2016թ. ապրիլյան քառօրյայից հետո Հայոց Հայրապետի տնօրինությամբ Հնդկաստանում արդեն երեք հոգու պրոթեզավորում է իրականացվել: Այսօր 15 հոգու համար իրականացվեցին նախապատրաստական աշխատանքները, որպեսզի առաջիկա ամիսներին մեկնեն Կալկաթա և ստանան անհրաժեշտ բուժօգնությունը:

Նույն շարքից