ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այն որ սեփական արկածախնդրության ռիսկայնությունը չգնահատելու ունակությունն ու կարողությունը դարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հիմնական խնդիրը, պարզ է բոլորին: Ժամանակը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը դիվանագիտական և ռազմական դաշտում իրենց ձախողումներից ոչ միայն դասեր չեն քաղել, այլ շարունակում են նույն լուզերական քաղաքականությունը՝ հիմնված մեծապես դատարկաբանության և դատարկախոսության վրա՝ նպատակ ունենալով լռեցնել ու պատերազմի վտանգի քողի տակ խեղդել սեփական ժողովրդի բողոքի ձայնը:
Սրա մասին են վկայում ադրբեջանական կողմի մեկնաբանությունները, որտեղ ՀՀ Նախագահի և ՀՀ Վարչապետի Արցախ կատարած այցը որակվում է որպես պրովոկացիայի և ռազմական ավանտյուրայի դրսևորում՝ դրանով իսկ պատերազմի վերսկսման հավանականությամբ շանտաժի ենթարկելով ԲՈԼՈՐԻՆ:
Այս հարցում պետք է հաճոյախոսեմ նրանց, որովհետև պրովոկացիայի և ռազմական ավանտյուրայի ժանրում հայկական կողմը ադրբեջանականին հասնելու համար դեռ շատ ճանապարհ ունի անցնելու:
Միայն հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:
Օրեր առաջ տեղեկատվական դաշտում նույն անմեղսունակ տրամաբանությամբ և պատասխանատվության զրոյական զգացումով Բաքուն շրջանառության մեջ դրեց նախիջևանյան հատվածում իբր 11 հազար հեկտար տարածք ազատագրելու մասին անհիմն տեղեկությունը, համացանցում հայտնվեց <<Պոլոնեզ>> համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ու իսրայելական արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառման տեսագրությունը:
Այս ամենին զուգահեռ, վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում ֆիքսվել են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ: Այս ամենն ի՞նչ է – պրովոկացիա, թե՞ ռազմական ավանտյուրիզմի լկտի դրսևորում:
Այս ամենը ընդհանրացնելով, խորհուրդ կտամ նրան ու ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը հասկանալ պատերազմի ու խաղաղության գինը: Ժամանակն է գիտակցնել, որ սեփական իշխանությունը պահելու գինը չի կարելի ավելի բարձր դասել այն բազմաթիվ երիտասարդների կյանքին, որոնք ժամանակ առ ժամանակ դառնում են ալիևշինայի ամբիցիաների բավարարման աղբյուր:
Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներից անկախ՝ Արցախյան հարցում հայ ժողովուրդը և քաղաքական վերնախավը կպատժի ադրբեջանական ցանկացած արկածախնդրություն։ Չկասկածեք»։