Իրավական Հայաստան Քաղաքականություն 

Դատարանը Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն օրինական է համարել

analitik.am

Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից բերման ենթարկված և ձերբակալված ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները վիճարկել են պատգամավորին ձերբակալելու որոշումը, որը դատարանը մերժել է։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Հրանտ Անանյանը։

«Այս պահի դրությամբ հասցրել ենք վիճարկել պատգամավորին ձերբակալելու իրավաչափությունը, դատարանն այն մերժել է՝ ձերբակալելու մասին որոշումը համարելով հիմնավոր։ Խուզարկության որոշումը բողոքարկելու տասնօրյա ժամկետ կա, այն դեռևս կհասցնենք բողոքարկել»,-ասել է  Անանյանը։

Հարցին, թե Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 235-րդ հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը, այնինչ Նիկոլ Փաշինյանը խոսում էր այլ գործողության մասին,հնարավո՞ր է ,որ Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է, պաշտպանը բացասական պատասխան տվեց. «Փաշինյանի ասածն անակնկալ էր մեզ համար, նման կասկած անգամ չի հայտնվել»։

Հարցին, թե տեղյա՞կ է արդյոք՝ Ազգային ժողով միջնորդագիր ներկայացվել է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, քանի որ ՀՀ Սահմանադրության 96 հոդվածի 2-րդ կետի համաձայն` պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ, փաստաբանն ասաց, որ այդ մասին որևէ տեղեկություն չունի. «Մինչև խափանման միջոց ընտրելը 72 ժամ է սահմանված, դեռ մեկ օր է անցել Գրիգորյանին ձերբակալելուց, եթե նման մտադրություն ունի դատախազությունը, դեռ ժամանակ կա»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով  պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք: Մանվել Գրիգորյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել։

Նույն շարքից