Հայաստան Քաղաքական 

Ինչպես և երբ Մանվել Գրիգորյանը կարող է զրկվել անձեռնմխելիությունից. Պարզաբանում է Մարուքյանը

Այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում հիմա Մանվել Գրիգորյանին, ինչպես պետք է զրկել վերջինիս անձեռնմխելիությունից, հիշեցրեց, որ դա պետք է արվի Ազգային ժողովում՝ հավելելով, որ ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրում է երկու սուբյեկտի նախաձեռնությամբ՝ կառավարության և պատգամավորների ստորագրությամբ:

Մարուքյանը նշեց, որ վաղը՝ հունիսի 19-ին, արտահերթ նիստ է տեղի ունենալու, և այս պահին կառավարությունը կարող է նիստ գումարել և օրակարգում ավելացնել Ազգային ժողովի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որից հետո խորհրդարանը կքննարկի այն, քանի որ վաղը լրանում է Գրիգորյանի կալանքի 72 ժամը:

Պատգամավորի խոսքերով, երկրորդ տարբերակն այն է, որ պատգամավորները ստորագրահավաք իրականացնեն, արտահերթ նիստ հրավիրեն և քննարկեն հարցը:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ նման հարցերը պետք է քննարկվեն ոչ թե արտահերթի ժամանակ, այլ՝ հերթականի, Մարուքյանն ասաց, որ նման բան չկա, Սահմանադրությամբ ասվում է, որ հրատապ հարցերը պետք է քննարկվեն հերթական նիստի ժամանակ և չհետաձգել, և եթե կա պահանջ հրատապ հարցերը քննարկել հերթական նիստի ժամանակ, դա չի նշանակում, որ դրանք չի կարելի քննարկել արտահերթի ժամանակ:

Մարուքյանի խոսքերով, հիմա արտահերթով հնարավոր է զրկել Գրիգորյանին անձեռնմխելիությունից, և կարիք չկա սպասել  մինչև հերթական նիստը, որը տեղի կունենա սեպտեմբերին:

Նույն շարքից