Հասարակություն 

Ինչպես կարող էր զինվորի սնունդն ու մնացածը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ. ՀՀ ՊՆ

analitik.am

Այն իրերն ու առարկաները, որոնք վերաբերում են Պաշտպանության նախարարությանը և արտադրված են զինված ուժերի համար, օրինական կարգով փոխանցվել են ԵԿՄ-ին: Այսօր՝  հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դա արվել է երկու հիմնական ճանապարհով:

Հովհաննիսյանի խոսքերով, ԵԿՄ-ն արդեն ավելի քան 20 տարի ակտիվ պահեստազորի ամենամյա բանակումներ է իրականացնում, որի ընթացքում դիմում է ՊՆ-ին և ստանում տարբեր տեսակի պիտույքներ. «Բացի դրանից, ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից  հետո եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են Արցախում և սնունդ, հանդերձանք են ստացել Հայաստանի ՊՆ-ից: Թե այս երկու ճանապարհներից որ մեկի արդյունքում ստացված սնունդն է հայտնաբերվել, չեմ կարող ասել, դա ցույց կտա քննությունը»:

Ինչ վերաբերում է հայտնաբերված զենքի օրինականությանը, Հովհաննիսյանն ասաց, որ իրավասու չէ այդ հարցին պատասխանել, բայց այդ զենքերից մի քանիսն օրինական լինել չէին կարող:

Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել հարցերին, որոնք վերաբերում էին նվիրաբերված իրերին և առարկաներին՝ նշելով, որ հարցն իր իրավասության դաշտում չէ և ինքը կարող է խոսել միայն այն իրերի մասին, որոնք վերաբերում են ՀՀ ՊՆ-ին:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր էր արդյո՞ք, որ ՊՆ-ն սնունդի և հանդերձանքի օրինակով զենք էլ տրամադրեր ԵԿՄ-ին ուսումնական վարժանքների համար՝ Հովհաննիսյանը նշեց, որ եթե նման բան էլ արվի, այդ զենքը կրակելու հնարավորություն չպետք է ունենա, պիտանի չլինի մարտական գործողությունների համար:

 

 

 

Նույն շարքից