Բարի օր Հասարակություն 

Ինչո՞ւ այդ թավշյա հեղափոխության շունչը  չի հասել դատապարտյալներին. Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ դատապարտյալ  Ասյա Նիկոլայի Բարխուդարյանը բաց նամակ է հղել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեծարգո պարոն վարչապետ,

շնորհավորում եմ Ձեզ թավշյա հեղափոխության հաղթանակի և հայ ժողովրդի կողմից ընտրյալ զավակ դարձած ՀՀ վարչապետ ընտրվելու առիթով: Գտնվելով կալանավայրում՝ մենք չկարողացանք մասնակցել թավշյա հեղափոխությանը, բայց բոլորս Ձեզ հետ էինք՝ մեր ժողովրդի կողմին : Ձեզ հետ էին նաև մեր հարազատները և ընկերները: Լինելով հայ ժողովրդի մի մասնիկ , որպես հայ կին, հայ մայր, հայ ազգի զինվոր, երբ ազգիս և հայրենիքիս վտանգ էր սպառնում, թողեցի միակ որդուս և կամավոր մեկնեցի սահման՝ իմ փոքրիկ, համեստ լուման ներդրեցի հանուն հայրենիքիս՝ ելնելով իրավիճակից ինձ իրավունք եմ վերապահում դիմել Ձեզ,

Պարոն վարչապետ, մենք սխալվել ենք, սայթաքել ենք, չէ՞ որ միայն Աստված է անսխալական, եթե եղել է թավշյա հեղափոխություն, ինչպես Դուք եք ասում, իսկ մենք Ձեզ վստահում ու հավատում ենք, այլ ոչ թե իշխանափոխություն, ապա ինչո՞ւ այդ հեղափոխության շունչը  չի հասել դատապարտյալներին և այդ օդը ենք չենք շնչել: Հարգարժան պարոն վարչապետ, ի՞նչ ակնկալիքներ ունի շարքային դատապարտյալը ՀՀ ժողովրդի ընտրյալ վարչապետից: Խնդրում ենք Ձեզ թույլ տալ մեր սխալն ուղղել և թավշյա հեղափոխության օդը շնչել ազատության մեջ, մեր երեխաների և ընտանիքների կողքին, որպեսզի մեր հայ ընտանիքները չքանդվեն , չքայքայվեն, և մեր երեխաները մեծանան հայրենիքին արժանի զավակներ :

Աստված պահապան Ձեզ, հայ զինվորին և մեր ժողովրդին: Խաղաղություն մեր երկրին, ակնկալում ենք Ձեզանից բարի ավետիս:

Կանխավ շնորհակալություն, դատապարտյալ Ա. Բարխուդարյան»:

Նույն շարքից