«Բոլորի համար սա շոկ է, և ցանկացած անձի կողմից նման արարք թույլ տալը դավաճանություն է ժողովրդի և պետության նկատմամբ»,-այսօր՝ հունիսի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված պատմությանը:
Կոստանյանն ամեն դեպքում նշեց, որ պետք է նկատի ունենալ անմեղության կանխավարկածը՝ հավելելով, որ այս պահին հնարավոր չէ իրավական գնահատկան տալ արարքին. «Բայց ես վստահ եմ, որ ես ու ՀՀԿ-ում իմ գործընկերներն առնվազն կողմ ենք քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն»:
Կոստանյանի կարծիքով, դա կարվի այն պատճառով, որ սա բացարձակ անթույլատրելի արարք է՝ դավաճանություն. «Մենք հնարավորություն կտանք նախաքննության մարմնին քննություն իրականացնել, ապացուցել, ի հայտ բերել բոոլոր մեղավորներին և պատասխանատվության ենթարկել: Բացի դրանից, այսպես Մանվել Գրիգորյանը հնարավորություն կունենա ապացուցել իր առնչությունը: Ես միանշանակ կողմ եմ քվեարկելու և վստահ եմ, որ ՀՀԿ-ում բոլորն էլ կողմ կքվեարկեն»: