Հասարակություն Բարի օր 

Մանվել Գրիգորյանը մեկ տարբերակ ունի իր բարի համբավը փրկելու համար, եթե այդքան տղամարդկություն ունի. Նաիրա Զոհրաբյան

«Մանվել Գրիգորյանը միայն մեկ տարբերակ ունի իր անունը փրկելու համար, եթե այդքան տղամարդկություն ունի, կարծում եմ հասկացաք, թե ինչի մասին եմ խոսում» ,-այսօր հունիսի 19-ին, խորհրդարանում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ հայատարարեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նշեց, որ ինքը հարգում է անմեղության կանխավարկած, սակայն այս դեպքում չի կարելի խոսել անմեղության կանխավարկածի մասին, քանի որ խոսքը սովորական դիակապտության մասին է. «Մենք գործ ունենք նրա հետ, որ Արցախի բարձրագույն պարգև ստացած անձը սովորական, շարքային գող է, ով կարող է իրեն թույլ տալ գողանալ զինվորի հացը: Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա»:

Պատգամավորի խոսքերով, կատարվածը մի քանի օրվա հանցագործություն չէ, այն երկար տարիների ամենաթողության, «բեսպրեդելի» արդյունք է, երբ մի անձ կարող է իր ֆեոդալական կարգերը հաստատել մի շրջանում՝ բնակիչներին դարձնելով իր ճորտը:

Զոհրաբյանը նաև հիշեցրեց Մանվել Գրիգորյանի այն խոսքերը, որոնք նա հնչեցրել էր տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանի հետ կապված հայտնի դեպքերի ժամանակ՝ հայտարարելով, որ «սամասուդի» կողմնակից չեն և ասում են, որ հիմա մուրճը, նալը, մեխը գտնվում են օրենքի ձեռքում:

Վերջում Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչը խոսեց Մանվել Գրիգորյանի նամակի մասին, որով վերջինս խոստացել է վերականգնել իր անունը՝ հայտարարելով, որ նա մի տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար, եթե այդքան տղամարդկություն ունի:

 

 

Նույն շարքից