Բարի օր Հասարակություն 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մամուլի ազատության հնարավոր խախտման առթիվ Արմեն Աշոտյանի և «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի արձագանքը

analitik.am

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր ՖԲ էջում գրառում էր կատարել, որ ակնկալում է  երեկ երեկոյան վարչապետի արած գրառմանն  ի պատասխան  լրագրողական կազմակերպությունների, խոսքի և մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների և առանձին իրավապաշտպանների գնահատականը։
Նա նշել էր նաև, որ հետաքրքիր կլինի լսել  ԱՄՆ և ԵՄ դեսպանների կարծիքը։

Ի պատասխան Արմեն Աշոտյանի այս գրառմանը հայտարարություն է տարածել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն.

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի արձագանքը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, թե ակնկալում է լրագրողական կազմակերպությունների, խոսքի և մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների և առանձին իրավապաշտպանների գնահատականը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ։ Հիշեցնենք, որ վարչապետը որոշ հեռուստաընկերությունների մասին ասել է, որ հակապետական քարոզչություն են իրականացնում՝ «օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից»։ «Մի' արեք։ Պարզապես մի' արեք»,- վերջում ասել էր վարչապետը։

Իսկապես հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում։ Երբ Արմեն Աշոտյանը, լինելով իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ, Հանրային հեռուստաընկերությունում վարում էր «Եռանկյունի» հասարակական-քաղաքական հաղորդումը, և լրագրողական կազմակերպությունների փորձագետները, և անձամբ ես ասում էի, որ դա անթույլատրելի է, նրա համար մեր կարծիքը որևէ արժեք չուներ։ Երբ մենք ասում էինք, որ հայաստանյան հեռարձակման ոլորտը և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքն արմատական բարեփոխումների կարիք ունի, մեզ անտեսում էին։ Երբ պահանջում էինք բացահայտել և պատժել «Էլեկտրիկ Երևանի» և Սարի թաղի իրադարձությունների ժամանակ լրագրողներին բռնությունների և հետապնդումների ենթարկողներին, իշխանություններն ընդամենն իմիտացիոն նախաքննություն սկսեցին։ Իսկ հիմա Արմեն Աշոտյանի համար մեր կարծիքը կարևոր դարձավ։ Անկեղծ ասած, այստեղ նաև 2 միտում է նկատվում։ Առաջինը՝ փորձել օգտագործել անկախ լրագրողական կազմակերպություններին՝ ինչ-ինչ քաղաքական նպատակների համար, և երկրորդ՝ հնարավորինս շեղել հասարակության ուշադրությունը՝ այսօր տեղի ունեցող շատ ավելի կարևոր իրադարձություններից։ Կարծում եմ՝ չի հաջողվի թե մեկը, թե մյուսը։

Անկախ լրագրողական կազմակերպությունները և մասնավորապես Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, անթույլատրելի համարելով ցանկացած իշխանության միջամտությունը կամ ճնշումը լրատվամիջոցների նկատմամբ, միշտ արտահայտել է իր դիրքորոշումը ոլորտի ցանկացած խնդրի վերաբերյալ։ Քանի որ հայաստանյան լրատվամիջոցները բաժանված են տարբեր քաղաքական ճամբարների, վերջին ժամանակներում հատկապես աչքի են ընկնում կողմնակալ, աչառու հրապարակումներով և հաղորդումներով։ Այսպիսին է, պարոն Աշոտյան, ՀՀԿ-ի իշխանության օրոք ձևավորված հեռարձակման դաշտը, և կրկնում եմ, այն պետք է արմատապես փոխվի։ Մենք պատրաստ ենք աջակցել դրան ուղղված ցանկացած նախաձեռնության, նաև՝ ինքներս հանդես գալ առաջարկություններով։

Այդուհանդերձ, ցանկացած իշխանություն պետք է առավել հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերի լրատվամիջոցների հրապարակումների և դրանցում տեղ գտած գնահատականների նկատմամբ։ Եվ այս առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործածած «հակապետական քարոզչություն» և «մի' արեք, պարզապես մի' արեք» կոչը կարող է գնահատվել որպես միջամտություն հեռուստաընկերությունների գործունեությանը կառավարության ղեկավարի կողմից։

Թերևս տեղին կլիներ, եթե վարչապետը մատնանշեր իր նկատի ունեցած հեռուստաընկերությունների հաղորդումներում էթիկական նորմերի բացահայտ խախտումները և դիմեր ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնին՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար։ Սա լավագույն նախադեպը կարող էր դառնալ մեր հեղափոխական երկրում ԶԼՄ-ներին վերաբերող վեճերը լուծելու համար։ Ասածս թող ընդունվի որպես առաջարկ՝ և' ներկա, և' նախկին իշխանություններին»։

Ի պատասխան այս արձագանքի, Արմեն Աշոտյանն իր ՖԲ էջում գրել է.

«Շնորհակալություն կազմակերպությանը արձագանքի համար։ Տարօրինակ է, որ որպես հանրային կարծիք հայտնելու առիթ դիտվել է իմ հարցադրումը, և ոչ թե իր մեջ ահազանգ պարունակող բուն գրառումը։

Մի կողմ դնելով պատասխանի քաղաքական և քարոզչական երանգները, մի ճշտում ՝ իմ վարած հեղինակային հաղորդաշարի հյուրեր են եղել և ազատ արտահայտվել են ԲՈԼՈՐԸ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներ ( Նիկոլ Փաշինյան, Արամ Սարգսյան, Էդմոն Մարուքյան, Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան և այլն), քաղաքացիական հասարակության ակնառու ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ։

Տարբեր գնահատականներով Հանրայինի եթերում հեռարձակվող ԵՌԱՆԿՅՈՒՆԻ հաղորդաշարը ամենաազատ քաղաքական հաղորդումներից է եղել, այսինքն նպաստել է խոսքի ազատության զարգացմանը մեր երկրում։

Ուստի հայտնի գրառման հետ զուգահեռներ որոնելու փորձերը անտեղի մանիպուլյացիաներ են։ Այդպիսին է նաև "ուշադրություն շեղելու" կասկածը։ Իսկ վերադառնալով բուն հարցին՝ հուսամ հետևողականություն կցուցաբերվի բոլոր կողմերից»։

Նույն շարքից